Վերջին 20 տարում Ֆրանսիայում սպանությունների թիվն աճել է ավելի քան 90%-ով. երկրի ՆԳՆ-ն աննախադեպ ցուցանիշ է արձանագրել
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ վերջին 20 տարվա ընթացքում երկրի տարածքում սպանությունների թիվը կտրուկ աճել է 91 տոկոսով և հասել երկրի համար աննախադեպ մակարդակի։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն:
Նշվում է՝ միայն 2020 թվականին երկրում գրանցվել է սպանության 4472 դեպք, ինչը, 2000 թվականի համեմատ, չափազանց բարձր ցուցանիշ է այն դեպքում, երբ դարասկզբին կատարվել է 2338 սպանություն։
Գերատեսչության տվյալներով՝ մահափորձերի թիվը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են գողությունների կատարմանը, 2020 թվականին աճել է 19․3 տոկոսով: Ինչ վերաբերում է նմանատիպ հանգամանքներում կատարված սպանություններին, ապա այս դեպքում վերջիններիս թիվն աճել է 17.1 տոկոսով:
ՆԳՆ-ի տվյալներով հստակցվում է նաև, որ ողջ երկրի տարածքում ավելացել է սպանությունների ցուցանիշը հանցագործների միջև հաշիվ մաքրելու առնչությամբ: Այս դեպքում ցուցանիշը կազմել է 14.3 տոկոս:
Ընդհանուր առմամբ, սպանությունների թիվը երկրի ողջ տարածքում սկսել է աճել 2013 թվականից: Որոշ փորձագետների կարծիքով՝ պատճառներից մեկը վերջին տարիներին երկրում տեղի ունեցած ահաբեկչություններն են: