ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ երկրի ղեկավարը չի հետևում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով դատավարության ընթացքին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ երկրի ղեկավարը չի հետևում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով դատավարության ընթացքին: Այս մասին գրում է iz.ru-ն:
«Պուտինը չի հետևում գործընթացին: Նա պատրաստվում է հանդիպել ռուս ուսուցիչների հետ, որոնք դասավանդում են ռուսաստանցիների ապագա սերունդին», - ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ խոսնակը մեկնաբանել է նաև դատարանի մոտ նկատված դիվանագիտական համարներով մեքենաների մասին հաղորդագրությունները: Այս առնչությամբ նա նշել է, որ դիվանագետներն ազատ են գործել Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում, բայց չպետք է խառնվեն և թույլ տան գործողություններ, «որոնք կապված կլինեն անկախ դատարանի վրա ճնշում գործադրելու փորձի հետ»:
Պեսկովի խոսքով՝ փետրվարի 4-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում կունենա Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ:
«Լավրովը պատրաստ է նրա հետ քննարկել նախնական կալանքի վայրում պահվող բնակչի հետ կապված իրավիճակը: Մեր նախարարը նույնքան կոշտ պատասխան կտա կոշտ ուղերձին: Սա մի թեմա է, որի դեպքում մենք պատրաստ չենք լսել ցանկացած հայտարարություն», - ասել է Պեսկովը:
Նա շեշտել է, որ եթե Բորելը ցանկանա հանդիպել Նավալնիի հետ, ապա այս խնդրանքը կուղարկվի քննիչներին, որոնք էլ նրան պատասխան կտան: