Լավրովը Շվեդիայի ԱԳ նախարարին «վտանգավոր կին» է անվանել
Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին պատմել է, որ մի անգամ սուրճ է թափել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վրա, գրում է riafan.ru-ն։
Լինդեն Լավրովին պատմել է, որ «նախագահել է Նավալնիի կենտրոնում, բազմիցս հանդիպել է նրա հետ և նույնիսկ սուրճ է թափել նրա վրա»: ՌԴ ԱԳ նախարարը շվեդ գործընկերոջ պատմությունը մեկնաբանել է հումորով։
«Դուք վտանգավոր կին եք»,- նրա պատմությանն իր պատասխան ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել էին շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց:
Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:
Գերմանիայում բուժման կուրսն ավարտելուց հետո նախորդ ամիս Նավալնին վերադարձել էր Ռուսաստան։ ՌԴ ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել էին նրան։ Ընդդիմադիր գործչի ձերբակալությունի հետո ՌԴ տարբեր քաղաքներում «Ազատություն Նավալնիին» խորագրով բողոքի ակցիաներ են անցկացվում։