Թուրքիայում 292 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել. նրանք կասկածվում են Գյուլենական շարժման հետ կապ ունենալու համար
Ստամբուլի գլխավոր դատախազության նախաձեռնությամբ Թուրքիայի 42 նահանգներում գործողություններ են իրականացվել երկրում ահաբեկչական հայտարարված Գյուլենական շարժման ենթադրյալ անդամների կամ դրա հետ կապ ունեցող անձանց ձերբակալման նպատակով, ինչից հետո որոշում է կայացվել ձերբակալել 292 զինվորականի: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:
Նշվում է, որ Ստամբուլի ոստիկանության հակաահաբեկչական դեպարտամենտի աշխատակիցները հետաքննություն են անցկացրել` պարզելու համար Գյուլենական շարժման իմամների հետ տաքսոֆոնով կապ հաստատած անձանց ինքնությունը:
Տեխնիկական և ֆիզիկական գործողություններից հետո ոստիկանությունը ձերբակալել է բազմաթիվ զինծառայողների:
Նշվում է, որ ձերբակալված զինծառայողների մեծ մասին նախկինում ազատել էին բանակային աշխատանքից, ձերբակալվածների թվում կան 1 գնդապետ և 9 կապիտան, որոնք մինչ այժմ գտնվում են ծառայության մեջ: