Քիմ Քարդաշյանից մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ զարդերի գողության համար մեղադրվողը գիրք է գրել՝ ներկայացնելով «իրականությունը»
2016-ի հոկտեմբերից հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով ձերբակալված Յունիս Աբբասը, կարծես թե, ցանկանում է իր անունը թողնել պատմության էջերում: Փետրվարի 4-ին լույս կտեսնի նրա J'ai séquestré Kim Kardashian («Ես առևանգել եմ Քիմ Քարդաշյանին») գիրքը: Այս մասին գրում է Tatler.ru-ն, նշելով՝ գրքից մեկ հատված արդեն իսկ հրապարակվել է ֆրանսիական Closer ամսագրում:
Իր գրքում Աբասը գրում է, որ հանցագործությունը «խնամքով ծրագրված է եղել»: Տեղեկատուի պարտականությունները կատարելու համար նա և իր հանցակիցները տարեց մարդկանց են դիմել, քանի որ նրանք կասկած չեն հարուցել հյուրանոցում: Իսկ ինչ վերաբերում է հանցագործներին, ապա նրանց հաջողվել է հյուրանոց մուտք գործել ոստիկանական համազգեստերով:
Միևնույն ժամանակ ֆրանսիական ամսագրում տեղ գտած հատվածից պարզ է դառնում, որ Աբասն իր գրքում ծաղրում է աստղի պահվածքը: Նրա խոսքով՝ Քիմը փորձել է զանգահարել 911 արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ամերիկյան կենտրոնի հեռախոսահամարով՝ ֆրանսիական 112-ի փոխարեն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, 2016 թվականի Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում Քիմ Քարդաշյանը կողոպտիչների կողմից հարձակման էր ենթարկվել Hôtel de Pourtalès հյուրանոցում, ուր ապաստանել էր միջոցառմանը մասնակցելու նպատակով: Նշենք՝ հանցագործներին հաջողվել էր գողանալ մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ զարդեր: