«ԱՄՆ-ն ԳՀՀԾ-ին վերադառնալու համար սահմանափակ թվով հնարավորություններ ունի»․ Զարիֆ
Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու համար սահմանափակ թվով հնարավորություններ ունի:
«Միջուկային համաձայնագրին Միացյալ Նահանգների վերադառնալու ժամանակն անսահմանափակ չէ։ ԱՄՆ-ն սահմանափակ թվով հնարավորություններ ունի»,- CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Զարիֆը։
Իրանի ԱԳ նախարարն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել տարածաշրջանում Իրանի մրցակիցներին զենքի վաճառքը: Նա նաև հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը պետք է հավատարիմ մնա միջուկային գործարքի նախնական պայմաններին։ Զարիֆի խոսքով՝ «ԱՄՆ-ն պետք է ընդունի նախօրոք համաձայնեցված պայմանավորվածությունները»։
Անդրադառնալով այն հարցն, թե ով պետք է առաջին քայլը կատարի ԳՀՀԾ-ին վերադառնալու համար, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ դրանում իր դերակատարումը կարող է ունենալ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Կարող է մշակվել մեխանիզմ, որն ըստ էության կհամակարգի՝ ինչ պետք է անել»,- ասել է Իրանի արտգործնախարարը:
2015 թվականի հուլիսի 14-ին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հաստատման մասին:
2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարել է դրանից միակողմանի դուրս գալու և իսլամական հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին:
Իրանը մայիսի 8-ին հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մի շարք կետերի կատարման դադարեցման մասին։