Սկզբում բունկերներում էին թաքնվում և արդարանում կատարվածի համար, հիմա արդեն մեղադրական տոնով ճառեր են ասում ոչ միայն նախկինների, այլև իրենց վիճակի մեջ չմտնող անձանց հասցեին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այո, ժամանակն իրենն անում է: Մտնում ենք իշխանությունների ռեաբիլիտացիայի փուլ՝ երբ ամեն օր իրենց թվալու է, թե ոչինչ էլ չի եղել, մի քիչ էլ, ու ամեն ինչ հունի մեջ կընկնի, և կսկսեն ապրել նախկին կյանքով:
Նորից շինծու քրեական գործեր կհարուցեն, նորից իրենց քննադատող մարդկանց կբռնեն կամ հարցաքննությունների կանչելով՝ կսաստեն: Նորից իրենց համար շահեկան օրենքներ կընդունեն 88 կոճակ սեղմողների միջոցով՝ երբեմն անհեթեթ ու երկրի համար վնասակար:
Նորից ճանապարհներ կնորոգեն, տարբեր տենդերներ կանցկացնեն՝ իրենց հետ փոխկապակցված անձանց հաղթանակ շնորհելով և բյուջեից գումարներ վատնելով՝ պարգևավճարների կամ անիմաստ ծրագրերի ֆինանսավորման վրա: Նորից կստեն ու կմոլորեցնեն հանրությանը:
2020-ի նոյեմբերի 9-ից մոտ 3 ամիս է անցել: Ցանկացած ցավ ժամանակի մեջ բթանում է, ցանկացած իրավիճակ՝ հանգուցալուծվում: Գուցե բնական է, որ սկզբում բունկերներում էին թաքնվում և արդարանում կատարվածի համար, հիմա արդեն մեղադրական տոնով ճառեր են ասում ոչ միայն նախկինների, այլև իրենց չգնահատող, իրենց վիճակի մեջ չմտնող, իրենցից ինչ-որ բան պահանջող անձանց հասցեին:
Տպավորություն է, թե երկիրն ու քաղաքացին բեռ են դարձել, խանգարում են կյանքը վայելելուն: 3 ամիս առաջ թվում էր՝ ահա, ահա հրաժարականի մասին կլսենք: Հիմա իրավիճակ է փոխվել: Ամեն օր ավելի ու ավելի վստահ են իրենց զգում, հայտարարություններ են տարածում, հարցազրույցներ տալիս, նշանակումներ անում: Թիմը սկսել է տնից դուրս գալ, ոմանք անգամ շրջագայությունների են մեկնում: Իսկ պատերազմի ու պարտության իրական մեղավորների մի մասն էլ, որոնք պետք է կոնկրետ պատասխանատվություն կրեին կատարվածի համար, մեղադրական ճառեր են ասում, քավության նոխազներ փնտրում, խրոխտ ճառեր հնչեցնում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: