Պատերազմն ավարտվել է միայն սահմանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 27-ին սկսված արցախ-ադրբեջանական 44-օրյա դաժան պատերազմն ավարտվել է միայն սահմանագծին: Տնտեսական, իրավական ու քաղաքական դաշտում պատերազմը Ադրբեջանի հետ դեռ շարունակում է ընթանալ, ընդ որում՝ այն տեղափոխվել է արդեն հայ-ադրբեջանական տիրույթ:
Նոյեմբերի 11-ին՝ հրադադարի հայտարարումից 1 օր անց, Երևան-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանը գերեվարեց մոտ 10 քաղաքացիների՝ խաղաղ բնակիչների, որոնք պարզապես տարբեր գործերով մեկնում էին Արցախ: Այնուհետև Հադրութի հատվածից մոտ 8 տասնյակ կամավորների գերեվարման մասին հայտնի դարձավ:
Հունվարի 25-ին Վրաստանում հավանաբար հենց ադրբեջանցիները քարերով հարձակվել էին հայկական համարանիշներով բեռնատարների վրա, կոտրել ապակիներ: Այսինքն՝ պատերազմը դեռ շարունակվում է: Հունվարի 25-ին Ադրբեջանի դատախազությունը պաշտոնապես ծանուցեց, որ Ադրբեջանը 21 հայի նկատմամբ հետախուզում է հայտարարել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների կապակցությամբ: Ադրբեջանում 2020 թ. սեպտեմբերի 27-ից ի վեր Ղարաբաղում մարտական գործողությունների կապակցությամբ հարուցվել է 62 քրեական գործ: Այդ գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 17 մարդ, որոնց Բաքվում անվանում են վարձկաններ, ինչպես նաև ՀՀ 4 քաղաքացի: Ադրբեջանի իշխանությունները նրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել: Հետո տարբեր աղբյուրներից տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանցիները հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ: Ավելի վաղ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնել էին Արցախի Հադրութի շրջանում 62 հոգուց բաղկացած «հայկական դիվերսիոն խմբի» ձերբակալման մասին: Նրանց նկատմամբ ևս հարուցվել են քրեական գործեր: Նրանք որևէ կերպ չեն համաձայնում հանձնել մեր ռազմագերիներին: Իսկ օրերս էլ հայտնի դարձավ, որ մոտ 300 հայերի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել:
Ովքեր են նրանք՝ չեն գաղտնազերծվում, բայց լուրեր կան, որ նրանց թվում են Ռուսաստանում բնակվող շատ հայեր, քաղաքացիական ու քաղաքական անձինք, ինչպես նաև զինվորականներ: Այսինքն՝ ընդհանուր հաշվով 300-ից ավելի հայեր Ադրբեջանի կողմից Ինտերպոլով միջազգային հետախուզման մեջ են գտնվում և չեն կարողանա դուրս գալ իրենց բնակավայրերից:
Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը տնտեսական, իրավական և քաղաքական հարթակներում շարունակվող պատերազմի պայմաններում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենում, խոստանում քննարկել գերիների հարցը, բայց չի հաջողում: Տնտեսական դաշտում հարձակումների մասով Վրաստանի իրավապահները քրգործ են հարուցել ու մեր շատ վարորդների խնդրել են ցուցմունք տալ, որ բողոք չունեն: Դե իսկ իրավապահ դաշտում ՀՀ գլխավոր դատախազությունը ադրբեջանցի ֆուտբոլային մի մեկնաբանի է հետախուզում հայտարարել: Ահա, թե ինչպես ենք պայքարում պատերազմից հետո»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: