Ընդդիմադիր հռետորաբանության տարիներին «բաջանաղներին» մերժած Նիկոլ Փաշինյանը պաշտոնների է նշանակում «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Չնայած Հայաստանի նոր իշխանություններն ընդդիմադիր հռետորաբանության տարիներին միշտ քննադատում էին խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու փաստը, սակայն նոր Հայաստանում նման երևույթներն առկա են ու դեռ շարունակվում են:
Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեկամներին աշխատանքի տեղավորելու առիթով ասել էր. «Կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց. այս խոստումը կատարվե՞լ է. այո՛, լիարժեք, 100 տոկոսով կատարվել է»: Բայց ինչպես շատ այլ հարցերում, այս հարցում էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու հայկական իրականությունը էականորեն տարբեր են:
Ամենաթարմ օրինակը, որ կարող ենք մատնանշել, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանի կնոջ դեպքն է: Մասնավորապես, Սիմիդյանի կինը՝ Անահիտ Սարգսյանը, վերջերս աշխատանքի է անցել՝ նշանակվելով Բարձր տեխնոլոգիական նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ: Եթե նա չլիներ Սիմիդյանի կինը, արդյոք կնշանակվե՞ր այդ պաշտոնում:
«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեց Անահիտ Սարգսյանի մայրիկին՝ նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, որը հաստատեց մեր տեղեկությունը՝ հայտնելով. «Այդտեղ որևէ բան չկա, քննություն է տվել ու ընդունվել է, իմ աղջիկը շատ կրթված է ու այժմ էլ աշխատանքի է»:
Խնամի-ծանոթ-բարեկամ մերժող հեղափոխական իշխանության օրոք ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կինը՝ Մանե Մինասյանը, աշխատում է ՀՀ հաշվեքննիչ պալատում. մամուլի քարտուղարն է։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի կինը՝ Անուշիկ Ավետյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականն է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանն է: Մեկ այլ պատգամավոր Համազասպ Դանիելյանի կինն էլ Երևանի ավագանու անդամ է: Իսկ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, մինչև երեկ զբաղեցնում էր Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը:
Բացի այդ, բաջանաղներին մերժած Նիկոլ Փաշինյանն ուժային կառույցների ղեկավարներ նշանակեց իր դասընկերներին և հայրենակիցներին. ՀՀ ոստիկանության ծառայության պետը իջևանցի Վահե Ղազարյանն է, ԱԺ պատգամավոր, խորհրդարանի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյանն է, Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարը Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանն է, և այսպես շարունակ:
Ցանկը, իհարկե, ավելի երկար է, որոնց առաջիկայում կանդրադառնանք: Իսկ մինչ այդ արձանագրենք, որ մերժելով հին բարքերը՝ հեղափոխական իշխանությունը հենց հին, մերժված մտածողությամբ է առաջ շարժվում՝ ամեն պատահած բաջանաղի խցկելով պետական համակարգ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: