ԱՄՆ-ում 9-ամյա աղջկան բերման ենթարկելու համար ոստիկանությունը պղպեղի սփրեյ է կիրառել
Ամերիկյան Ռոչեսթեր քաղաքում (Նյու Յորքի նահանգ) ոստիկանը պղպեղի սփրեյ է կիրառել 9-ամյա աղջկա հանդեպ, հայտնում է Gazeta-ն՝ հղում անելով New York Times-ին:
Նշվում է, որ անցած ուրբաթ, հունվարի 29-ին, ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել ընտանեկան վիճաբանության մասին: Դեպքի վայր ժամանելով՝ իրավապահները պարզել են, որ 9-ամյա աղջիկը ցանկանում է սպանել իրեն ու մորը: Երեխան դիմադրություն է ցույց տվել, երբ փորձել են նրան նստեցնել ոստիկանական մեքենայի մեջ, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց: Փոքրիկը հայտարարել է, որ ոչ մի տեղ չի գնա մինչեւ չտեսնի իր հորը:
Ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցրել աղջկան, երբ նա հայտնվել է ձյան մեջ: Երբ երեխան հերթական անգամ հրաժարվել է մեքենա նստել, ոստիկանը պղպեղի սփրեյ է կիրառել:
Ըստ NYT-ի տվյալների՝ Ռոչեսթերի քաղաքապետ Լավլի Ուորենը կոչ է արել քաղաքի ոստիկանությանը մեծ կարեկցանքով արձագանքել նման իրավիճակներին: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, նա արդեն դուրս է գրվել: