Ֆրանսիայում երկարատև անձրևների պատճառով Սենա գետը վարարել է ու հեղեղել Լուվրի առափնյա հատվածը
Ֆրանսիայում երկարատև անձրևները հանգեցրել են երկրի մի քանի շրջաններում Սենա գետի վարարմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ այն հեղեղել է Թուիլերի այգիների, Լուվրի և Օրսեյ թանգարանի առափնյա հատվածները։
Ստեղծված իրավիճակի ֆոնին՝ տեղի իշխանություններն ափամերձ տարածքներից հեռացրել են շարժական սրճարանները, նստարաններն ու աղբամանները: Բարժաներում (բեռնատար նավեր, որոնցում բնակվում են որոշ տեղացիներ- Tert.am) ապրող փարիզցիներին խորհուրդ է տրվել իրենց մեքենաները և հեծանիվները տեղափոխել անվտանգ վայր:
Ըստ Vigicrues ջրհեղեղի մշտադիտարկման պետական ծառայության՝ կիրակի օրվա երկրորդ կեսին Աուստերլից կայարանի մոտակայքում Սենայի մակարդակը բարձրացել է 3.78 մետրով: Միևնույն ժամանակ, փորձագետները նախազգուշացնում են՝ աղետը դեռևս չի հասել իր պիկին։ Այս առնչությամբ Փարիզի իշխանությունները եղանակային վտանգի «դեղին» մակարդակ են հայտարարել։
Vigicrues-ը նշել է, որ «Սենի մակարդակը շարունակում է բարձրանալ, և այս միտումը կշարունակվի առաջիկա օրերին՝ կախված անձրևներից»: Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ փետրվարի 1-ին գետի մակարդակը կարող բարձրանալ մինչև 4 մետրով: