Ռուսաստանում լիահույս են, որ Բորելի՝ ՌԴ կատարելիք այցի արդյունքում հնարավոր կլինի բարելավել ԵՄ-ի հետ հարաբերությունները
Ռուսաստանը լիահույս է, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի` Մոսկվա կատարելիք այցի արդյունքում հնարավոր կլինի բարելավել Եվրամիության հետ հարաբերությունները: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում ասել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:
ԵՄ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունները բարելավելու հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան` Չիժովն ասել է. «Հուսով եմ, որ հարաբերությունները կջերմանան, սակայն չեմ կարծում, որ դրանք շատ սառն են: Վերջերս առևտրի և քաղաքական հարցերի, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ խոհրդակցություններ են տեղի ունեցել»:
ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը նշել է՝ կցանկանար, որ նման այցերն ավելի հաճախ տեղի ունենան և հիշեցրել, որ նմանօրինակ վերջին այցը կայացել է 2017 թվականին` ԵՄ արտաքին քաղաքականության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի կողմից: