Չինացի քաղաքագետը կանխատեսել է ԱՄՆ-ի՝ «բրիտանական սցենարով» անկումը
Միացյալ Նահանգները կանգնած է անկման եզրին, որը տեղի կունենա բրիտանական սցենարով: Այս կարծիքը Spiegel ամսագրին տված հարցազրույցում հայտնել է Պեկինի Ցինխուա համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի դեկան Յան Սյուետունը, գրում է «Իզվեստիան»:
Քաղաքագետը նշել է, որ Բրիտանական կայսրությունն աշխարհի ամենահզոր տերություններից մեկն էր, և դրա անկումը ձգվել է մի քանի տասնամյակ:
Յան Սյուետունն ընդգծել է, որ իրեն չի ցնցել կամ զարմացրել ԱՄՆ-ում տեղի ունեցող նմանատիպ գործընթացը:
«Ժամանակի ընթացքում բոլոր կայսրություններն էլ կործանվում են, և գալիք հազարամյակներում էլ ոչինչ չի փոխվի: Մեծ տերություններն ապրում են երեք փուլ. բարգավաճում, լճացում և անկում»,-ընդգծել է քաղաքագետը:
Գիտնականը նաև կարծիք է հայտնել, որ ապագայում Չինաստանի և ԱՄՆ-ի դիմակայությունը հիմնված կլինի տեխնոլոգիական գերազանցության ձգտման վրա: