ԱՄՆ դեսպանատունը չի հաստատել Բաքվին ուղղված շնորհավորանքների մասին հրապարակումները
Երևանում ԱՄՆ դեսպանատունը չի հաստատել ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներն այդ երկրում ԱՄՆ դեսպանի կողմից, իբր, արված հայտարարությունների վերաբերյալ:
Ավելի վաղ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հաղորդումներ էին հրապարակել Էկոնոմիկայի նախարարի հետ դեսպանի հանդիպման արդյունքների վերաբերյալ, որի ընթացքում դեսպանն, իբր, «շնորհավորել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման կապակցությամբ»:
Այս կապակցությամբ NEWS.am-ի թղթակիցը դիմել է Երեւանում ԱՄՆ դեսպանատուն` խնդրելով պարզաբանել դեսպանին վերագրվող հայտարարությունների հավաստիությունը: ԱՄՆ դեսպանատունը սահմանափակվել է հղմամբ Twitter-ում արված հրապարակմանը` որպես պաշտոնական դիրքորոշման արտացոլում: Հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Չորեքշաբթի Լիցենբերգը հանդիպել է էկոնոմիկայի նախարար Ջաբարովի հետ` ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական համագործակցությունը քննարկելու համար: Նա նշել է, որ տնտեսական վերականգնումը եւ հաշտեցումն ի աջակցություն խաղաղ կարգավորմանը Լեռնային Ղարաբաղում օգուտ կբերեն տարածաշրջանի բոլոր երկրներին:
Ինչպես երեւում է հրապարակումից, դեսպանը կասկածելի բովանդակությամբ շնորհավորանքներ չի հնչեցրել»: