Բայդենը Կոնգրեսից հետ է կանչել Թրամփի առաջարկը բյուջետային ծախսերի 73 հոդվածներով կրճատումների մասին
Կիրակի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ Կոնգրեսից հետ է կանչել իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի առաջարկը այս ֆինանսական տարում բյուջեի ծախսերը 27,4 մլրդ դոլարով կրճատելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ընթացիկ բյուջեի 73 հոդվածներով կրճատման մասին առաջարկը, որը կապված է երկրի հիմնական գերատեսչությունների ծախսերի հետ, Թրամփը Կոնգրես էր ուղարկել հունվարի 14-ին՝ Բայդենի երդմնակալությունից 6 օր առաջ: Օրանսդրության համաձայն՝ վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը նման նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունի, սակայն արդեն հավանություն ստացած ծախսերի կրճատման վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ընդունի Կոնգրեսը 45 օրվա ընթացքում:
ԱՄՆ նախորդ նախագահը, մասնավորապես, ցանկանում էր 500 մլն դոլարով (մինչեւ 5,7 մլրդ դոլար) պակասեցնել ծրագրի ծախսերը, որն ուղղված է այլ պետություններին օգնություն տրամադրելուն՝ ամերիկյան արտադրության ռազմական տեխնիկա գնելու համար (Foreign Military Financing program): Դրանից բացի, հանրապետականի առաջարկով նախատեսվում էր 3 մլն դոլարով (մինչեւ 110 մլն դոլար) կրճատել օտարերկրացի զինվորականների ուսուցման եւ պատրաստման ծախսերը:
Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Թրամփը, լինելով երկրի նախագահը, հավանություն էր տվել ընդհանուր մինչեւ 2,3 տրլն ընդհանուր ծավալով ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ից) բյուջեին, որը ներառում է համավարակի պատճառով երկրի տնտեսության խթանման գրեթե 900 մլրդ դոլարի միջոցառումների փաթեթը: