«Բարսելոնան» կործանած պայմանագիր․ Մեսիի 4 տարվա եկամուտը՝ 555 միլիոն եվրո
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ պայմանագիրը ֆինանսապես կործանել է «Բարսելոնային», գրում է իսպանական El Mundo-ն՝ բացահայտելով 2017-ին ֆուտբոլիստի եւ կատալոնական ակումբի միջեւ կնքված պայմանագրի ֆինանսական մանրամասները։
Չորս տարում Մեսիի ընդհանուր վարձատրությունը կկազմի 555 միլիոն եվրո։ Նա արդեն ստացել է 511 միլիոն եվրո։ 138 միլիոն եվրո նա ստանում է ամեն մրցաշրջանի համար աշխատավարձի եւ պարգեւավճարի տեսքով։ 115 միլիոն եվրո Մեսին ստացել է պայմանագիրը կնքելու համաձայնության համար։ 78 միլիոն եվրո բոնուս նախատեսված է չորս տարում ակումբից չհեռանալու համար։ Գործող պայմանագրով նա իրավունք ուներ ամեն մրցաշրջանի ավարտին նախապես տեղյակ պահելու դեպքում անվճար տեղափոխվել այլ ակումբ։
Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։
33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու ցանկություն ունեն անգլիական «Մանչեսթեր Սիթին», ֆրանսիական ՊՍԺ-ն, իտալական «Ինտերը»։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսին «Բարսելոնայի» հետ մասնակցել է 23 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
«Բարսելոնայի» ընդհանուր պարտքն այժմ կազմում 1,173 միլիարդ եվրո: Այդ գումարից 730 միլիոնը պարտավորություններն են, որոնք կատալոնացիները պետք է կատարեն կարճ ժամանակահատվածում, իսկ 488,4 միլիոնը նախորդ տարվա վնասներն են: Եվս 265 միլիոն «Բարսելոնան» պետք է վճարի վարկային կազմակերպություններին, 164 միլիոն էլ՝ ակումբի աշխատակիցներին: