Ոստիկանությունը ցրել է «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանի մոտ հավաքված Նավալնիի կողմնակիցներին
Չարտոնագրված բողոքի ցույցերի մասնակիցներին սկսել են բերման ենթարկել «Մատորսկայա տիշինա» քննչական մեկուսարանի մոտ, որտեղ պահվում է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, կիրակի հաղորդել է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը:
Իրավապահներն արգելափակել են մեկուսարանի մուտքերը, կազմել են կենդանի պատ հարակից փողոցներում: Նրանք նախազգուշացրել են ցուցարարներին, որ ակցիաներն ապօրինի են: Ակտիվիստները նրանց չեն լսել: Այդ ժամանակ ոստիկանությունը սկսել է զանգվածային բերման ենթարկումները, եւ մարդիկ սկսել են ցրվել:
Ընդդիմության կողմնակիցները, որոնք դուրս էին մղվել Մոսկվայի կենտրոնից, շարժվել են դեպի մեկուսարան: Այդ ժամանակ ոստիկանությունն ուղարկել է այդտեղ լրացուցիչ ուժեր:
Ոստիկանները փակել են մեքենաների երթեւեկությունը Մատրոսկայա տիշինա փողոցում: Քննչական մեկուսարանի շրջանում խափանվել է տրանսպորտի աշխատանքը, տրամվայների երթեւեկությունը գրեթե դադարեցվել է:
Հաղորդվում է, որ Նավալնիին տեղափոխել են «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարան հունվարի 19-ին: Նա բերման է ենթարկվել հունվարի 17-ին «Շերեմետեւո» օդանավակայանում Գերմանիայից Ռուսաստան վերադառնալու պահին: Հաջորդ օրը նրան մինչեւ փետրվարի 15-ը կալանավորելու որոշում է կայացվել: Մոսկվայի դատարանը կվերանայի Նավալնիի պայմանական պատիժը չեղարկելու մասին հարցը փետրվարի 2-ին: