Ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղարը
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուզար Կիռա Յարմիշը ձերբակալվել է՝ հունվարի 23֊ի չարտոնված հանրահավաքին մասնակցելիս հակահամաճարակային անվտանգության կանոնները չպահպանելու դրվագով, հաղորդում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Մոսկվայի Սավելովյան դատարանը Յարմիշին 9 օրով կալանավորել էր նույն հանրահավաքին մասնակցելու համար։ Նրա նկատմամբ կիրառված վարչական կալանքի ժամկետը սպառվել է հունվարի 30֊ի երեկոյան, և նրան պետք է ազատ արձակեին։
Ավելի վաղ նույն մեղադրանքով Մոսկվայի Տվերի դատարանը տնային կալանքի էր ենթարկել Նավալնիի եղբորը՝ Օլեգ Նավալնիին, համախոհներ Լյուբով Սոբոլը, Օլեգա Ստեպանովան և այլոց։
Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել էին շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:
Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:
Հունվարի կեսերին Նավալնին վերադարձել է Մոսկվա և ինքնաթիռից իջնելուն պես ձերբակալվել՝ ավելի վաղ դատարանի կայացրած վճռի խախտման մեղադրանքով: