Այսօր Ռուսաստանում կրկին ակցիաներ են անցկացվում՝ ի աջակցություն Նավալնիի. Խաբարովսկում բերման է ենթարկվել 13 մարդ
Խաբարովսկում բողոքի ցույց է անցկացվել Լենինի հրապարակում. բերման է ենթարկվել 13 մարդ:
«Այսօր՝ հունվարի 31-ին, Խաբարովսկում չարտոնագրված զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար բերման է ենթարկվել 13 մարդ: Մասնակիցների ընդհանուր թիվը կազմում է 58»,-ասվում է ոստիկանության բաժնի հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդել է dvhab.ru տեղական պարբերականը, նախքան ակցիան քաղաքի կենտրոնում տրանսպորտի շարժը սահմանափակվել է: Պարբերականի գնահատմամբ՝ Լենինի հրապարակ էր եկել մի քանի տասնյակ մարդ, որտեղ սկսել են երգեր երգել: 1.5 ժամ անց ցուցարարները հեռացել են հրապարակից, իսկ իրավապահները վերականգնել են տրանսպորտի աշխատանքը:
Ավելի վաղ՝ հունվարի 23-ին, Խաբարովսկում ակցիային մասնակցել է շուրջ 200-300 մարդ: Մի քանի մարդ բերման է ենթարկվել:
Այսօր՝ հունվարի 31-ին, Ալեքսեյ Նավալնիին աջակցող ակցիաներ են մեկնարկել Պետրոպավլովսկ-Կամչատսկում, որտեղ բերման է ենթարկվել 3 մարդ, Վլադիվոստոկ Բլագովեշենսկում, որտեղ բերման են ենթարկել ավելի քան 31 մարդու, գրում է «Կոմերսանտ»-ը: