Մինչև 40 վրացի վարորդի մեկ շաբաթից ավելի թույլ չեն տալիս հատել Իրանի և Ադրբեջանի սահմանը
Մինչև 40 վրացի վարորդի մեկ շաբաթից ավելի թույլ չեն տալիս հատել Իրանի եւ Ադրբեջանի սահմանը: Այս մասին նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Ավելի վաղ կանգնեցված վարորդները հայտարարություն էին տարածել, որում օգնություն էին խնդրում վրացական իշխանություններից: Նրանք հայտնել էին, որ Իրանի մաքսային ծառայության աշխատակիցներն թույլ չեն տալիս իրենց հատել սահմանն Ադրբեջանի ուղղությամբ` չբացատրելով պատճառները:
Վրաստանի արտգործնախարարությունում պնդում են, որ գործընթացը շարժվել է տեղից, եւ այսօր Վրաստանի քաղաքացիների վարած մի քանի բեռնատարի թույլատրել են հատել սահմանը: Ինչպես նշվում է, այս գործընթացը կշարունակվի փուլերով:
Իրանում Վրաստանի հյուպատոս Գիորգի Սախլթուցիշվիլին այսօր այցելել է սահմանին փակված Վրաստանի քաղաքացիներին: Դիվանագետը հանդիպել է նաեւ մաքսային տերմինալի պետի եի սահմանային անցակետի պետի հետ:
Ըստ ԱԳՆ-ի` իրանցի պաշտոնյաները «մեկ անգամ եւս հաստատեցին իրենց բարյացակամ վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ եւ նշեցին, որ մաքսիմալ ակտիվ աշխատանքներ են տարվում` խնդրի ժամանակին լուծման եւ Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադառնալու իրավունք տալու ուղղությամբ»:
Վրաստանում Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գվտիսիաշվիլին հանդիպել է կանգնեցված վարորդների ընտանիքի անդամների հետ: Նա ծանոթացրել է նրանց առկա իրավիճակին եւ բացատրել, որ ԱԳՆ-ն ակտիվ աշխատանքներ է տանում խնդրի լուծման ուղղությամբ: