ՌԴ Սամարայի մարզում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար. զոհերի թիվը հասել է 11-ի
Սամարայի մարզում ավտոբուսի, բեռնատարի եւ թեթեւ մարդատար մեքենայի բախման հետեւանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Այդ մասին իր Instagram-ում հայտնել է նահանգապետ Դմիտրի Ազարովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Տվյալ պահին վթարը խլել է 11 մարդու կյանք. 10 մարդ տեղում զոհվել է, մեկ մարդ մահացել է հիվանդանոցում: Տուժել է 24 մարդ, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից երեք պացիենտի ներկայում վիրահատում են»,-ասել է Ազարովը:
Նա նշել է, որ տուժածներին օգնության են հասել Տոլյատիայի եւ Սամարայի բժիշկները: «Դեռեւս հայտնի է միայն, որ տուժածները Ուլյանովսկի եւ Սամարայի մարզերի բնակիչներ էին: Մենք հնարավորինս կաջակցենք հետաքննությանը, կտրամադրենք անհրաժեշտ բժշկական օգնություն բոլոր տուժածներին, օգնություն կցուցաբերենք զոհվածների ընտանիքներին: Իրավիճակը գտնվում է իմ անձնական վերահսկողության ներքո, ընդհատել եմ Մոսկվա կատարած գործոււղումս եւ մեկնում եմ մարզ»,-նշել է Ազարովը:
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել ուրբաթ Սամարայի մարզի Զաբորովկա բնակավայրի շրջանում. բախվել են բեռնատարը, թեթեւ մարդատար ավտոմեքենան եւ ուղեւորատար ավտոբուսը: Ավելի վաղ տարածաշրջանային առողջապահության նախարարությունում հայտնել են, որ ՃՏՊ-ի հետեւանքով հոսպիտալացվել է 13 տուժած: Հարուցվել է քրեական գործ «Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, որի հետեւանքով զոհվել է երկու եւ ավելի մարդ» հոդվածի հատկանիշներով: