Ով ինչ կուզի, կանի․ սա սովորական վերարտադրություն է․ «Իմ քայլը» լքած պատգամավորը՝ իշխանության կողմից ԱԺ-ն լուծարելու և նոր ընտրություններ կազմակերպելու մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է վերաբերվում իմքայլականների այն տեսակետին, որ պետք է խորհրդարանն ինքնալուծարել: Ըստ պատգամավորի՝ սա նշանակում է, որ իշխանությունն անում է այն, ինչ ցանկանում է: Հովսեփյանի հետ զրուցել ենք նաև ընդդիմության այն հայտարարության մասին, որ պետք է ապստամբության դիմել:
-Տիկին Հովսեփյան, «Իմ քայլը» խմբակցությունը, կարծես թե, օրակարգ է բերել խորհրդարանն ինքնալուծարելու հարցը: Իրենք գտնում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու միակ տարբերակը դա է: Դուք կիսո՞ւմ եք օրենքը փոխելու և ինքնալուծարվելու այդ դիրքորոշումը:
-Պետք է նայել՝ ինչ են փոխում, ինչպես են փոխում, սահմանադրական է, թե ոչ: Միայն փոխելով չէ, այնպես չէ՝ ցանկություն կա, ուրեմն պետք է փոխել: Պետք է նայել, թե որքանով է դա ընդունելի ճանապարհ, որքանով է իրավական այդ գործընթացը, և որքանով է դա ճիշտ ճանապարհ:
-Սա նշանակո՞ւմ է. որ իշխանությունն ամեն ինչ անում է, որ իր տարբերակով գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, թե՞, ինչպես ընդդիմությունն է նշում, սա միայն կեղծ օրակարգ է։
֊Ես չեմ քննարկել իշխանության հետ, չեմ կարող ասել: Թերևս սա հանգում է այն տրամաբանությանը, որը ժամանակին Սերժ Սարգսյանն էր ասում՝ ինչքան ուզենք, էնքան կխփենք, իսկ այս իշխանությունն էլ ասում է՝ ինչ ուզեմ, կանեմ: Գործողություններն իրարից այնքան էլ չեն տարբերվում:
֊Ընդհանուր ուսումնասիրե՞լ եք՝ Սահմանադրությամբ հնարավո՞ր է արդյոք հասնել այնպիսի ճանապարհի, որ հենց «Իմ քայլը» խմբակցությունը լուծարի խորհրդարանը և գնա արտահերթ ընտրությունների:
֊Ես չեմ ուսումնասիրել, լսել եմ միայն, որ նման նախաձեռնությամբ են հանդես եկել, ինձ տեղեկացրել էին այն մասին, երբ ես դեռ «Իմ քայլը» խմբակցությունում էի: Բայց ես այն ժամանակ դեռ չգիտեի, թե որքան էր այն լրջանալու: Եվ մի քանի օր առաջ մամուլից իմացա, որ նորից քննարկել են, սակայն ես չեմ ուսումնասիրել, և, բացի դրանից, նաև անհրաժեշտ է մասնագետների հետ քննարկել, որը ես չեմ արել:
-Քանի որ քաղաքական իրավիճակը գնալով սրվում է, սա միակ ճանապարհը չէ՞ ընտրությունների գնալու և հասկանալու՝ ով է իշխանություն:
֊Ոչ, սա միակ տարբերակ այն ժամանակ կհամարեմ, եթե լինի այլընտրանք, իսկ քանի դեռ այն վիճակն է, որ ով ինչ կուզի, կանի, դա սովորական վերարտադրություն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: