Արցախում քննարկվում է պետական պաշտոնյաներին ևս սահմանային ծառայության մեջ ներգրավելու հարցը․ ամսվա ընթացքում մեկ շաբաթ կամ 10 օր՝ որպես աշխատանքի բաղկացուցիչ մաս, կծառայեն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի անվտանգության խորհուրդը քննարկում է պետական պաշտոնյաներին ևս սահմանային ծառայության մեջ ընդգրկելու հարցը։ Պետական գերատեսչություններում արդեն իսկ սկսել են փաստաթղթային հավաքագրումները, որպեսզի հասկանան՝ քանիսն են պիտանի ծառայության, և ինչ ռեժիմ պետք է սահմանվի։ Քննարկումների համաձայն՝ ամսվա ընթացքում մեկ շաբաթ կամ տասն օր պետական պաշտոնյաները, որպես աշխատանքի բաղկացուցիչ մաս, պետք է սահման պահեն։
Պատգամավոր Դավիթ Գալստյանը մեր լրագրողի հետ զրույցում չի հերքել նման քննարկումների փաստը՝ ասելով, որ հարցը դեռ պետք է քննարկվի ԱԽ-ում․ «Պետական համակարգի աշխատողները մեր անվտանգության ապահովման գործում իրենց լուման պետք է ունենան, ամսվա մեջ որոշակի տևողություն սահման գնան»։ Սա նաև խոսում է այն մասին, որ Հայաստանի զինված ուժերի՝ Արցախում ծառայության հետ կապված արգելքները լուրջ են, և հնարավոր է, որ առաջիկայում Ադրբեջանն այդ հարցում ևս հասնի հաջողության։ «Շատ ավելի ծանր որոշումները գտնվում են մեր առջևում» ասելով՝ գուցե Արցախի նախագահը նաև սա նկատի ուներ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: