Նավալնիի եղբոր համար խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Մոսկվայում ուրբաթ Ալեքսեյ Նավալնիի եղբորը՝ Օլեգ Նավալնիին տնային կալանքի տակ են առել սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու գործի առնչությամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանից:
«Դատարանը բավարարել է քննչական մարմինների միջնորդությունը Օլեգ Նավալնիի նկատմամբ որպես խափանման միջոց մինչեւ մարտի 23-ը տնային կալանք սահմանելու մասին»,-հայտնել են դատարանում:
Ավելի վաղ Մոսկվայում դատարանի որոշմամբ նույն ժամկետով տնային կալանք էր սահմանվել Նավալնիի շտաբի համակարգող Օլեգ Ստեպանովի նկատմամբ: Դատարանը նաեւ դիտարկում է տնային կալանքի տակ առնելու միջնորդությունը կին ակտիվիստներ Լյուբով Սոբոլի եւ Մարիա Ալյոխինայի, «Բժիշկների միության» ղեկավար Անաստասիա Վասիլեւայի նկատմամբ:
Նախօրեին ոստիկանությունը բերման էր ենթարկել Օլեգ Նավալնիին, Մարիա Ալյոխինային, Անաստասիա Վասիլեւային, Օլեգ Ստեպանովին, ինչպես նաեւ Լյուբով Սոբոլին Մոսկվայում չարտոնագրված հանրահավաք անցկացնելու ժամանակ սանիտարական նորմերը խախտելու գործի շրջանակում:
Ինչպես հայտնել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հունվարի 23-ի չարտոնագրված ակցիաների մասնակիցներն ու կազմակերպիչները ստեղծել են նոր կորոնավիրուսային վարակի տարածման վտանգ: Օրինակ՝ Մոսկվայի Պուշկինի հրապարակում միջոցառման մասնակիցների շրջանում եղել են մարդիկ, որոնց նկատմամբ բնակավայրում մեկուսացնելու որոշում է կայացվել նրանց մոտ կորոնավիրուս հայտնաբերելու պատճառով: Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից հայտնել են ակցիաներին մասնակցած 19 մարդու մասին, որոնք COVID-19-ով վարակված էին եւ այժմ պետք է մնան տանը:
Ռուսաստանում հունվարի 23-ին չարտոնագրված հանրահավաքների հետեւանքով քննիչները հարուցել են ավելի քան 20 քրեական գործ: Ոստիկանների եւ Ռոսգվարդիայի աշխատակիցների վրա հարձակման գործի առնչությամբ բերման է ենթարկվել վեց մարդ, որոնց նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Բոլոր բերման ենթարկվածները խոստովանել են մեղքն ու արդեն զղջացել: