Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական ընկերությունները կարող են բախվել գլոբալ հարկի արդեն այս տարի
Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական ընկերությունները մեծ հավանականությամբ կարող են բախվել գլոբալ հարկի արդեն այս տարի, հաղորդում է CNBC-ը:
Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ հավանական է, որ հարկերի գործարքը կնքվի մինչեւ վերջնաժամկետը Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մակարդակով: «Ես իսկապես վստահ եմ, որ մենք համաձայնության կհասնենք»,-ասել է նա մեկ օր անց ԱՄՆ ֆինանսների նոր նախարար Ջանեթ Յելլենի հետ հեռախոսազրույցից հետո:
Յելլենն աջակցել է տեխնոլոգիական հսկաների գլոբալ հարկ մտցնելու կոչերին: Նա նաեւ խոստացել է, որ ԱՄՆ-ն ակտիվ կմասնակցի կազմակերպության այլ երկրների հետ այն բանից հետո, երբ նախկին վարչակազմը որոշել է դուրս գալ բանակցություններից 2020 թվականի ամռանը:
«Հավանական է, որ մենք կհասնենք այն հաջողությանը, որի շուրջ այդքան շատ աշխատում ենք»,-ասել է Շոլցը:
Եթե կազմակերպության բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, ապա ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը ամբողջ ԵՄ-ում թվային տեխնոլոգիաների հարկ կհայտարարի: Այդ հարկը պետք է միաձայն հավանություն ստանա ԵՄ 27 երկրների կողմից, ինչը նախկինում բարդ խնդիր էր:
«Նոր վարչակազմը տպավորություն է ստեղծում, որ հասկանում է այդ ոլորտում համաձայնության անհրաժեշտությունը»,-ասել է Շոլցը: