Պատերազմի մասին իրական պատմություն` առանց փամփուշտի ու կրակոցի. «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան ու հայտնի հյուրերը
Պատերազմի մասին իրական պատմություն` առանց փամփուշտի ու կրակոցի, թիկունքում ծավալվող իրադարձություններ, էմոցիաներ, կիսատ մնացած հարսանիք ու խոստումներ... Հունվարի 28-ին մեծ էկրաններ բարձրացավ «Հարսանիք թիկունքում» ներկայաման համանուն ժապավենը, որի էկրանավորման ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է: Ֆիլմը նվիրված է հայ զինվորին, այն 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է:
«Սա մեր հոգու պարտքն ու երախտիքի խոսքն է հայ զինվորին, հայ մայրերին, թիկունքում գտնվող այն մարդկանց, որոնք ամեն վայրկյան սրտի թրթիռով սպասել են առաջնագծում մարտնչող իրենց զավակներին: Ֆիլմում չկան կրակոցներ, պայթյուններ, կան այլ ապրումներ, որոնք թիկունքում են: Ներկայացման էկրանավորումը նվիրված է հայ զինվորին»,-իր խոսքում նշեց ռեժիսորը:
«Հարսանիք թիկունքում» ֆիլմի սյուժեի հիմքում գյումրեցի մի ընտանիքի պատմություն է, որտեղ պատրաստվում են հարսանիքի: Ներկայացվում են ապրիլի 2-ի դեպքերը, թե ինչպես են հարսանիքին գալիս ընտանիքի՝ արտագաղթած եւ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հարազատները: Սակայն, ցավոք, պատերազմի հետեւանքով հարսանիքը կիսատ է մնում, հերոսը ստիպված թողնում է հարսնացուին ու մեկնում ռազմադաշտ:
«Հարսանիք թիկունքում» ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում, չի փոխվել նաեւ դերասանական կազմը:
Պատմության գլխավոր հերոսուհուն` Անիին, մարմնավորում է դերասանուհի Ջեմմա Ադամյանը, որը լրագրողների հետ զրույցում խոստովանեց` Անիի կերպարն օգնել է նաեւ իրեն` զսպելու իրական զգացողությունները.
«Անին լուռ, համեստ, հանգիստ աղջկա կերպար է, որն իր ներսում բավական շատ փորձություններ է տանում, բայց այդ ամենը հաղթահարում է, որովհետեւ հայի, հայ կնոջ տեսակն այդպիսին է: Կերպարը փոփոխությունների չի ենթարկվել, առհասարակ, մենք հեռու չենք գնացել ներկայացումից, փոփոխման ենթարկվել են միայն դեկորը, հագուստը` այն բաները, որոնք պետք էր հարմարեցնել կադրին»:
Ֆիլմի գլխավոր կերպարներից մեկին` փեսայի մտերիմ ըներոջը` Արամին, մարմնավորում է Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Սաղաթելյանը, որն անկեղծորեն հավելեց` չէր սպասում, որ ներկայացումն այդքան լայն արձագանք կստանար.
«Երբ 2018-ին ծնվեց ներկայացումը, որը նվիրված էր 2016 թ-ի Ապրիլյան պատերազմին ու բեմադրված էր իրական դեպքերի հիման վրա, անգամ պատկերացում չունեինք, որ այն այսքան լայն արձագանք պիտի գտներ, նույնիսկ, մտավախություն կար` արժե՞ր անդրադառնալ տվյալ թեմային, թե՞ ոչ, բայց հետագայում հանդիսատեսի արձագանքը ցույց տվեց, որ պետք էր, որովհետեւ մոտեցումը ճիշտ էր՝ փորձվել էր հնարավորինս անկեղծ, լավատեորեն ստեղծել մի ներկայացում, որը կոգեւորեր եւ ուժ կտար հանդիսատեսին եւ նրանց, ովքեր անմիջական կապ են ունեցել պատերազմի հետ: 2020 թ-ին միտք առաջացավ էկրանավորել ներկայացումը, սակայն ֆիլմի պրեմիերան, ցավոք, ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր, եւ խորհրդանշական է հենց Հայոց բանակի տոնին ներկայացնել հայ զինվորին նվիրված այս էկրանավորումը»,-իր խոսքում նշեց նա:
«Հարսանիք թիկունքում» Ֆիլմի սցենարի հեղինակն Անահիտ Աղասարյանն է, պրոդյուսերը՝ Արման Միտոյսնը, օպերատոր՝ Սուրեն Թադեւոսյան, մոնտաժի ռեիսոր՝ Սուրեն Սարգսյան, բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի, նկարչական ձեւավորում՝ Գարեգին Եվանգուլյանի, կոմպոզիտոր՝ Հայկո, զգեստների ձեւավորումը՝ Լուսինե Խաչատրյանի:
Դերերերում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Հարությունյանը, Տարոն Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը, Ջեմմա Ադամյանը եւ այլք:
Ֆիլմի պրեմիերայի մանրամասներն ու հայտնի հյուրերը` NEWS.am STYLE-ի ռեպորտաժում: