Անկարան ցանկանում է Ղարաբաղի հարցով համագործակցությունը ընդլայնել մինչեւ վեցակողմ ձեւաչափ
Թուրքիայի իշխանությունները նախատեսում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով համագործակցությունը ընդլայնել մինչեւ «3+3» ձեւաչափ: Այս մասին Ստամբուլում իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անհրաժեշտ է, որ մենք նպաստենք հրադադարին: Այնպես որ, մենք ծրագրում ենք այս ճանապարհին համագործակցել նաեւ «3+3» (ՌԴ, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա) ձեւաչափով»,- ասել է նա:
Չավուշօղլուն նշել է, որ «Հարավային Կովկասում կարգավորման պարզ ցանկությունը բավարար չէ եւ անհրաժեշտ է մշտական հրադադարի հասնել համագործակցության ընդլայնման ճանապարհով»: «Այս տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են յուրաքանչյուրի շահերից: Սա առավել շահավետ կլինի Հայաստանի եւ նրա ժողովրդի համար: Ուստի մենք Հայաստանից կառուցողական քայլեր ենք ակնկալում այս ուղղությամբ»,- հավելել է Չավուշօղլուն: Նա հիշեցրել է, որ մինչ Թուրքիա ժամանելը Զարիֆն այցելել է Ադրբեջան, ՌԴ, Հայաստան եւ Վրաստան, որտեղ քննարկել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցերը: Երկու երկրների ԱԳ նախարարները վերլուծել են այդ շփումների արդյունքները: