ԵՄ-ն կոչ է անում Բաքվին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին
ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 5 հայ ռազմագերիների ազատ արձակումը, որոնք գերեվարվել էին նոյեմբերին, եւ կոչ է անում անհապաղ ազատ արձակել մնացած 57-ին: Այս մասին Twitter-ում գրել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով քարտուղար Փիթեր Ստանոն:
Նրա խոսքով՝ «դա կնպաստի երկու երկրների միջեւ վստահության ամրապնդմանը, ինչը կարեւոր է տարածաշրջանում ամուր խաղաղության համար»:
Հիշեցնենք, որ երեկ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել 5 ռազմագերիների, Երեւանը փոխանցել էր մեկին: Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հստակ թիվը: Իշխանությունները հրաժարվում են հստակ թիվ նշել՝ հղում անելով «պետական գաղտնիքին», եւ այն, որ դա «կարող է վնասել նրանց ազատ արձակման գործընթացին»: Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը տատանվում է 100-ից 235-ի միջեւ: