ԱԺ պատգամավորը հերքել է «Լիդիանի» հասցեին իր կողմից հնչեցրած զրպարտությունը
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «Լիդիան Արմենիայի» հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր, հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների արժանահավատությունը ստուգող քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանի և պարտավորեցրել էր նրան հերքել Ազգային ժողովի ամբիոնից ընկերության հասցեին հնչեցված զրպարտությունը: Քանի որ սահմանված ժամկետում ԱԺ պատգամավորի կողմից հերքումը չէր հրապարակվել, «Լիդիանը» դիմել էր դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն` վճիռն ի կատար ածելու նպատակով: Արդյունքում Սերգեյ Բագրատյանը «Ժամանակ» օրաթերթի 26.01.2021 համարում հրապարակել է իր կողմից հնչեցված զրպարտության հերքումը:
Հերքման տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ ազգային ժողովի նիստում պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ելույթում տեղ գտած այն արտահայտությունը, որը վերաբերում է ընկերության կողմից 10-20 անգամ բարձր գներով ձևակերպված, չափազանցված տվյալներով հաշվետվություններ ներկայացված լինելու և դրանով ՀՀ կառավարությանն ու ժողովրդին շանտաժի ենթարկելու մտադրությանը, իրականությանը չի համապատասխանում»:
Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանի դեմ «Լիդիանը» ներկայացրել է ևս մեկ հայց ընկերության հասցեին՝ Ջերմուկում հրապարակային ելույթի ժամանակ հնչեցված՝ ընկերությանը կոռուպցիայի մեջ մեղադրող և ըստ այդմ զրպարտություն համարվող արտահայտությունը հերքելու և ընկերության գործարար համբավին պատճառված վնասի համար փոխհատուցում ստանալու վերաբերյալ: Այս հայցով դատական լսումները դեռ ընթացքում են։
«Լիդիանը» ցավով է արձանագրում, որ երկրի խոշորագույն միջազգային ներդրողին զրպարտող, գործարար համբավն արատավորող և իրականության հետ ոչ մի աղերս չունեցող հայտարարությունները կատարվել են երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցչի կողմից՝ ԱԺ բարձր ամբիոնից։ Սա ոչ միայն հեղինակազրկում է օրենսդիր իշխանությանը, այլ նաև ուղղակի հարված է երկրի տնտեսությանը և ներդրումային միջավայրին: