ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանի՝ Դոնբասը Ռուսաստանին միացնելու կոչին
ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունը, որը Դոնեցկում կայացած «Ռուսական Դոնբաս» ֆորումի ժամանակ կոչ էր արել Ուկրաինայի այս շրջանը ներառել Ռուսաստանի Դաշնության կազմում: Այս մասին տեղեկացնում է Московский Комсомолец պարբերականը:
Իր խոսքում Սիմոնյանը հայտարարել է, որ Դոնբասի բնակիչները «ցանկանում են ապրել տանը», «ռուս լինելու հնարավորություն ունենալ» և լինել «ընդհանուր, մեծ, առատաձեռն հայրենիքի» մաս: Նրա կարծիքով, Մոսկվան պետք է իրականացնի քաղաքացիների այս երազանքը:
«Մայր Ռուսաստան, Դոնբասին տուն վերցրու»,-ասել է Սիմոնյանը:
Զախարովայի խոսքերով՝ Սիմոնյանի արտահայտած դիրքորոշումը իր անձնական կարծիքն է, որը նա արդեն բազմիցս հնչեցրել էր ավելի վաղ:
«Դա նրա տեսակետն է, իր դիրքորոշումն է»,-նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: