Իրանի իշխանությունները վերջին կես տարվա ընթացքում 2-րդ մարզիկին են մահապատժի ենթարկել
Իրանի Դիզֆուլ քաղաքի բանտում մահապատժի են ենթարկել 30-ամյա ըմբիշ Մեհդի Ալի Հոսեյնիին: Այս մասին տեղեկացնում է Իրանի ազգային դիմադրության խորհուրդը:
Իշխանությունները մեղադրել են Հոսեյնիին 2015 թվականին զանգվածային ծեծկռտուքի ժամանակ մարդ սպանելու համար: Հոսեյնիի մահվան դատավճիռը ուժի մեջ էր մնացել, քանի որ սպանվածի ընտանիքը հրաժարվել էր նրան ներում շնորհելուց:
Իրանական ըմբշամարտի հերոս, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Ասիայի առաջնությունների ոսկե մեդալակիր Համիդ Սորյանը դիմել է ընտանիքին ՝ խնդրելով ողորմություն ցուցաբերել Հոսեյնիի նկատմամբ, բայց ապարդյուն:
Օլիմպիական խաղերում ըմբշամարտը վերահսկող United World Wrestling-ը (UWW) հայտարարություն է տարածել՝ կապված մարզիկի մահվան հետ:
Մասնավորապես, տեքստում ասվում է, որ Հոսեյնին ելույթ չի ունեցել ազգային կամ միջազգային մրցաշարերում, այլ մասնակցել է միայն տարածաշրջանային մրցումների: UWW-ն հրաժարվել է մեկնաբանել մահապատժի դեպքը, քանի դեռ իրավիճակի վերաբերյալ հստակ պատկերացում չի ստացել:
Իրանցի մեկ այլ ըմբշամարտիկ՝ 27-ամյա Նավիդ Աֆքարին, մահապատժի է ենթարկվել 2020 թվականի սեպտեմբերին: Նա 2018 թվականի ամռանը մասնակցել է բողոքի ակցիաներին: Աֆքարին ձերբակալվել էր մարդասպանության մեղադրանքով, սակայն իրավապաշտպան կազմակերպությունները պնդում էին, որ հանցագործությունը կատարելու մասին նրա խոստովանությունը խոշտանգումների արդյունք էր, իսկ մարզիկը մահապատժի է ենթարկվել քաղաքական նկատառումներով: