Արցախում ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի պատվաստումը «Սպուտնիկ V»-ով. ՌԴ ՊՆ (լուսանկարներ)
Զինվորական բժիշկներն ավարտել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի պատվաստումը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից:
«Նախանշված ժամանակացույցին համապատասխան՝ պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: Պատվաստումն իրականացվել է կամավոր հիմունքներով՝ ինչպես շարժական զինվորական հոսպիտալում, այնպես էլ՝ մշտադիտարկման դիտակետեր այցելող բժշկական ստորաբաժանումների միջոցով: Պատվաստանյութը մշտադիտարկման կետեր է հասցվել հատուկ ջերմատարներով, որոնք ապահովել են դրա անվնաս տեղափոխումը: Երկրորդ բաղադրիչով պատվաստումը նախատեսվում է ավարտել մինչև փետրվարի 28-ը»,-հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
ՌԴ ՊՆ հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ խաղաղապահ զորակազմում նաև կանայք են ծառայում: