Մեծ Բրիտանիան հայտնել է նոր Novavax պատվաստանյութի 89,3 տոկոս արդյունավետության մասին
Մեծ Բրիտանիայում լայնածավալ փորձարկումներ անցած կորոնավիրուսի նոր պատվաստանյութը 89.3 տոկոս արդյունավետություն է գրանցել, հայտնում է BBC լրատվականը:
BBC-ի բժշկական խմբագիր Ֆերգյուս Ուոլշն ասել է, որ այս պատվաստանյութն առաջինն է, որ արդյունավետ է կորանավիրուսի նոր «բրիտանական շտամի» դեպքում ևս: Կառավարությունը նշել է, որ պատվաստանյութը շուկայում կլինի 2021 թվականի երկրորդ կեսին, եթե այն հաստատվի Դեղերի և առողջապահական արտադրանքի կարգավորման գործակալության կողմից:
Մինչ այժմ Մեծ Բրիտանիան կիրառման համար հաստատել է կորոնավիրուսի երեք պատվաստանյութ՝ Օքսֆորդի համալսարանի և Astra Zeneca ընկերության կողմից արտադրված, Pfizer և BioNTech ընկերությունների համատեղ արտադրության և Moderna դեղագործական ընկերության արտադրության:
Նոր Novavax պատվաստանյութը փորձարկում է անցել Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում: Novavax ընկերության գործադիր տնօրեն Սթեն Էրքը ասել է, որ Մեծ Բրիտանիայում իրականացված փորձարկումների արդյունքները «տպավորիչ» էին:
Առողջապահության հարցերով քարտուղար Մեթ Հենքոքն ասել է, որ դրական նորություն կլինի, եթե պատվաստանյութը հաստատվի Դեղերի և առողջապահական արտադրանքի կարգավորման գործակալության կողմից:
BBC առողջապահական հարցերով թղթակից, վերլուծաբան Միշել Ռոբերցը նշել է, որ պատվաստանյութի փորձարկումների հուսադրող արդյունքները ենթադրում են, որ շուտով հասանելի կլինի կորոնավիրուսի դեմ մեկ այլ հզոր պատվաստանյութ, որը կարծես մուտացված տարբերակների դեմ նույնպես արդյունավետ է:
Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիան պատվիրել է 100 միլիոն չափաբաժին Astra Zeneca և 40 միլիոն չափաբաժին Pfizer պատվաստանյութ, որոնք երկուսն էլ ներկայում սպառվում են, ինչպես նաև 17 միլիոն չափաբաժին Moderna պատվաստանյութ, որի կիրառումը հաստատվել է հունվարին և դրա սպառումը կսկսվի գարնանը:
Ի տարբերություն վերոնշյալ պատվաստանյութերի, Novavax պատվաստանյութը կարող է պահվել սառնարանի սովորական ջերմաստիճանում:
Մինչ այժմ Մեծ Բրիտանիայում վարակվածների թիվը անցնում է 3.5 միլիոնը, որից ավելի քան 100 հազարը՝ մահվան ելքով: