Էթիկայի կանոնները սեղանի շուրջ
Բոլորն անխտիր գիտեն, որ սեղանի շուրջ էթիկայի կանոնների չպահպանման դեպքում շրջապատի մոտ կարելի է թողնել անկիրթ մարդու տպավորություն: Դրա համար էլ եկեք զրուցենք այդ թեմայի շուրջ: Այս գիտելիքներին տիրապետելով՝ դուք ձեզ հարմարավետ կզգաք թե՛ հյուր գնալիս, թե՛ ռեստորանում:
Ստորև ձեզ ենք ներկայացնում էթիկայի 10 կանոններ, որոնք կօգնեն ձեզ լինել ավելի ինքնավստահ:
1. Ինչպե՞ս ճիշտ նստել: Եթե չեք ցանկանում շրջապատի վրա թողնել տգետի տպավորություն, ապա պետք է իմանալ, որ խիստ արգելվում է արմունկներով հենվել սեղանին, պետք է պահել ուղիղ կեցվածք, նստել սեղանից ձեզ հարմար հեռավորութան վրա՝ միաժամանակ պահելով ձեզ շատ բնական: Խիստ անհրաժեշտության դեպքում միայն կանայք կարող են մեկ արմունկով հենվել սեղանին, եթե հոգնել է ձեռքը, այն էլ շատ կարճ ժամանակով:
2. Նախքան ճաշելն անհրաժեշտ է վերցնել անձնական օգտագործման համար նախատեսված անձեռոցիկը, բացել և դնել ծնկներին: Ընդունված չէ կտորից անձեռոցիկով սրբել շուրթերը, ավելի լավ է դրա համար օգտագործել թղթե անձեռոցիկները: Միայն ճաշն ավարտելուց հետո կարելի է կտորի անձեռոցիկը թեթևակի հպել շուրթերին, սրբել մատների ծայրերը, այնուհետև անձեռոցիկը դնել սեղանին:
3. Ճաշի ընթացքում, եթե անգամ շատ եք քաղցած, պետք չէ հարձակվել ուտելիքի վրա: Պետք է ուտել դանդաղ՝ լավ ծամելով սնունդը, այդպես դուք ավելի շատ հաճույք և օգուտ կստանաք ուտելիքից: Եթե ճաշատեսակը ձեզ դուր է եկել և դուք այն կերել եք մինչև վերջ, պետք չէ հացի կտորով մաքրել ապսեն, կողքից դա շատ ծիծաղելի կդիտվի, և այստեղ էթիկայի կանոնների մասին անգամ խոսք չի կարող գնալ:
4. Ուտելիքն ընդհանուր ամանից ձեր ափսեի մեջ տեղափոխելիս օգտվեք ընդհանուր օգտագործման համար նախատեսված պարագաներից՝ չմոռանալով վերջում այն իր տեղը դնել: Եթե ընդհանուր ամանը ձեզնից հեռու է դրված, պետք չէ ձգվել ողջ սեղանի երկայնքով, ավելի տեղին կլինի խնդրել մատուցողին կամ ձեր հարևանին այն ձեզ փոխանցել:
5. Պետք չէ ամաչել հացը, բլիթները, միրգը, թխվածքը ձեռքով վերցնելուց. այս մթերքները նախատեսված են ձեռքով ուտելու համար: Ինչ վերաբերում է հացին, ապա նշենք, որ ընդունված չէ ամբողջական հացի կտորից կծել և ուտել, պետք է հացն ուտել փոքրիկ կտորներով, որոնք պետք է զգուշորեն պոկել ձեր ափսեի վրա:
6. Ապուրն ուտում են դանդաղ և անաղմուկ: Եթե այն տաք է, պետք չէ խառնել գդալով, ավելի լավ է սպասել մինչև հովանա: Ապուրն ուտելուց հետո գդալը թողեք ափսեի մեջ: Արգանակը երբեմն մատուցում են հատուկ բաջակներով: Եթե այն մեկ բռնակ ունի, կարելի է արգանակը խմել թեյի պես, իսկ եթե բռնակները երկուսն են, ապա պետք է ուտել գդալի օգնությամբ:
7. Դանակով և պատառաքաղով ուտում են սթեյք, խոզի և գառան կոտլետներ, Ֆիլե, լյարդ և այլն: Ընդունված է դանակը բռնել աջ, իսկ պատառաքաղը ձախ ձեռքով: Ավելի փափուկ ուտելիքների դեպքում, երբ դանակի կարիք չի զգացվում, պատառաքաղը բռնում են աջ ձեռքով: Ընդունված չէ մսային տաք ուտեստները բաժանել մանր կտորների: Ուտեստը կորցնում է իր ախորժելի տեսքը և շատ արագ է սառչում: Անհրաժեշտ է այն կտրատել աստիճանաբար՝ կախված անհրաժեշտությունից:
8. Մանանեխն ընդունված է վերցնել հատուկ գդալներով և ոչ թե տարածել ափսեի եզրով, այլ դնել հենց ափսեի մեջ:
9. Աղանդերի համար օգտագործվում է հատուկ սպասք, որոնց օգնությամբ կարելի է ուտել պաղպաղակ, թխվածքներ և այլն: Սովորաբար աղանդերի մատուցման ժամանակ ավելորդ սպասքը սեղանից հեռացվում է, որպեսզի տեղ ազատվի քաղցրավենիքի համար: Եթե տորթ է մատուցվում, ապա սեղանին դրվում են աղանդերի համար նախատեսված ափսեներ: Ափսեի աջ կողմում դրվում է աղանդերի համար նախատեսված դանակ կամ գդալ, իսկ ձախ կողմում պատառաքաղ: Սուրճը կամ թեյը դնում են ափսեի աջ կողմում:
10. Եթե ցանկանում եք ժամանակավոր հեռանալ սեղանից, ապա պետք է դանակը և պատառաքաղը դնել ափսեի մեջ այն դիքով, որ դիրքով որ բռնել էիք: Թեյի գդալն օգտագործում են միայն թեյը խառնելու համար, որից հետո դնում են փոքրիկ ափսեի մեջ:
Այս 10 կանոններին հետևելու դեպքում դուք ձեզ ավելի ինքնավստահ կզկաք, պետք չէ մոռանալ գեղեցիկ վարքի մասին, որտեղ էլ գտնվեք: