Կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամը հասել է ԱՄՆ. հայտնաբերվել է 2 վարակակիր
Կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամը հասել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Երկրի Հարավային Կարոլինա նահագնում արդեն իսկ հայտնաբերվել է 2 վարակակիր: Այս մասին գրում է ABC-ն:
Նահանգի առողջապահության և շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտի տեղեկություններով՝ վարակակիրները տարածաշրջանի տարբեր հատվածներից են ու որևէ առնչություն չունեն միմյանց հետ: Միևնույն ժամանակ նրանցից ոչ մեկը վերջին շրջանում չի ճանապարհորդել:
«Սա վախեցնում է, քանի որ նշանակում է, որ նահանգում կարող են լինել ավելի շատ չբացահայտված դեպքեր: Մուտացիայի հայտնաբերումը ցույց է տալիս, որ այս մահացու վիրուսի դեմ պայքարը դեռ ավարտված չէ: Չնայած ավելի շատ COVID-19 պատվաստանյութեր են մատակարարվում, միևնույնն է՝ դրանց քանակը դեռևս սահմանափակ է: Մեզանից յուրաքանչյուրը պետք է նորից լծվի պայքարին՝ գիտակցելով, որ այժմ բոլորս առաջնագծում ենք: Բոլորս այս հարցում միասին ենք», - դեպքի առնչությամբ հայտարարել է Չարլսթոնի Հարավային Կարոլինայի բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների բժիշկ դոկտոր Կրուտիկա Կուպալլին:
Նշենք՝ հիվանդների վերաբերյալ տվյալները չեն բացահայտվում, հայտնի է միայն, որ նրանք չափահաս են:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2020 թվականի դեկտեմբերին Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ գենետիկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա ՝ 501.V2 անվանումով: