ԱՄՆ-ն Ռուսաստանին և Թուրքիային կոչ է արել ամբողջությամբ դուրս բերել զորքերը Լիբիայից
Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանին և Թուրքիային կոչ է անում իրենց զորքերն ամբողջությամբ դուրս բերել Լիբիայից: Այս մասին գրում է Al Jazeera-ն, նշելով՝ զորքերի դուրսբերման համար նախապես սահմանված վերջնաժամկետն անտեսվել է, և կողմերն այս առնչությամբ որևէ կերպ չեն արձագանքել:
«Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին՝ այդ թվում՝ Ռուսաստանին, Թուրքիային և ԱՄԷ-ին, հարգել Լիբիայի ինքնիշխանությունը և անհապաղ դադարեցնել ռազմական միջամտությունը Լիբիայում: Հոկտեմբերին ստորագրված հրադադարի համաձայնագրի համաձայն՝ մենք Թուրքիային և Ռուսաստանին կոչ ենք անում անհապաղ նախաձեռնել իրենց ուժերի և արտասահմանյան վարձկանների, վերահսկվող խմբավորումների դուրսբերման գործընթացը, որոնց նրանք հավաքագրել, ֆինանսավորել, տեղակայել և աջակցել են Լիբիայում», - հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռիչարդ Միլսը Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
Հիշեցնենք՝ անցյալ տարվա հոկտեմբերին ՄԱԿ-ի նախաձեռնությամբ կնքված զինադադարի համաձայն երեք ամսվա ընթացքում օտարերկրյա զորքերը և վարձկանները պետք է դուրս բերվեին Լիբիայից: Այնուամենայնիվ, սահմանված վերջնաժամկետը լրացել է հունվարի 23-ին, և մինչ օրս կողմերը որևէ հայտարությամբ հանդես չեն եկել, իսկ զորքերը շարունակում են տեղակայված մնալ տարածաշրջանում: