«Հավերժի ճամփորդը». Գևորգ Էմին
Եթե ես երաժիշտ ու երգահան լինեի, Հայաստանին ու հայ ժողովրդին ձոնված մի փառահեղ պատարագ կամ սիմֆոնիա կգրեի՝ նվագախմբի և մեներգիչների համար:
Մի թավ ձայն,– հայ ժողովրդի ձայնը,– կպատմեր իր ու իր երկրի մասին: Նվագախումբը հայ ժողովրդի դարավոր մեղեդիների ոգով ու ոճով կնվագակցեր նրան, իսկ երգչախումբը իր երգով ոչ միայն կվերծաներ ու կճոխացներ նրա ասածը, այլև ծերունու, երիտասարդի, կնոջ ու մանկան ձայներով հարցեր կտար նրան, փորձելով լրիվ ըմբռնել նրա խոսքերի իմաստը:
Ահա դարերի խորքից, պատերազմերից ու ասպատակումներից ավերված ճամփաներով, հրի ու սրի միջով, դեպի մեզ է գալիս մի հոգնած, վիրավոր, բայց համառ ու տոկուն ճամփորդ:
Ինչքան ավելի է նա մեզ մոտենում, այնքան ավելի շիտակ է դառնում նրա կեցվածքը, տեսքն՝ այնքան վայելուչ ու խրոխտ:
Կոտորածի ու գաղթի, թալանի ու հրդեհի, լացի ու կոծի փոխարեն խաղաղ կյանքի ու աշխատանքի կանչեր են լսվում, և նրա ավեր ու ավար ճամփին շատանում են կոթողներն ու շենքերը, երգն ու ծիխաղը:
– Ո՞Վ ԵՍ ԴՈՒ, ՃԱՄՓՈՐԴ,– կհարցներ նրան երգչախումբ ամբոխից ծերունու մի ձայն:
Բայց ճամփորդն իսկույն չէր ասի, թե ինքը Հայաստանն է, հայ ժողովուրդը:
Այդպես հետաքրքիր չէր լինի, և դա չէր վայելի տասնյակ դարերի պատմություն ունեցող մի երկրի ու ժողովրդի զավակի:
Նա ուշադիր կնայեր հարց տվող ծերունուն, կլսեր նվագախմբի ու երգչախմբի մեղմացած ձայներն ու կասեր.–
«Ես նա եմ, ում տանջանքը տասնյակ դարերով է չափվում, իսկ կյանքը՝ տասնյակ տարիներով միայն…
Նա, ով դարեր շարունակ տառապել է պատերազմներից ու նախճիրներից և նոր է միայն զգում խաղաղ կյանքի քաղցրությունն ու հմայնքը:
Այն արդար ցորենի արտն եմ ես, որ դարեր շարունակ տրորվել է օտար այրուձիերի սմբակների տակ, այրվել հրդեհից ու երաշտից, և որից փրկված մի բուռ ցորենը հասել է գալիք ցանքին և շռայլ բերք է տալիս…
Խաղողի այն համառ ու տոկուն որթն եմ ես, որի արմատները հասնում են մինչև Հայասա և Նայիրի, իսկ պտուղն ու տերևը թարմանում են այսօրվա ցողից ու լցվում-հասնում վաղվա արևի շողից…
Ես՝ ինքը կյանքն եմ, հարատևումը, անմահությունը…
Ես նա՛ եմ, ով միշտ մահվան մեջ է ապրել, բայց մահ չունի…
Ի՜նչ կարող էին ինջ անել իմ անհամար դահիճները, երբ նարնք ըդնամենը… սպանել գիտեին, իսկ ես գիտեի ապրելու և հարատևելու աստվածային գաղտնիքը…
Նրանց զենքը տեգն ու յաթաղանն էր, իսկ իմը՝ մուրճն ու գրիչը… իսկ ի՛նչ կարող է անել ամենից զորեղ տեգը՝ մուրճի առաջ, և ամենասուր յաթաղանը՝ գրչի դեմ…
Իմ դահիճները,– որոքան էլ բազմաթիվ,– հոգնո՜ւմ էին սպանելուց ու ավերելուց, իսկ իմ՝ կառուցելու և ստեղծելու տենչը զորանում էր օրեցօր ու ժամ առ ժամ…»:
...Այսպես կասեր թավ ձայնը, և ունկնդիրներին կթվար, թե նա ին-որ տեղից ծանոթ է իրենց, բայց նրանք դեռ չէին ճանաչի ճամփորդին, և երիտասարդի մի ձայն նորից հարց կտար.—
—Ո՞ՐՆ Է ՔՈ ԵՐԿԻՐԸ, ՃԱՄՓՈՐԴ…
Բայց ճամփորդն իսկույն չեր ասի, թե իր երկիրը Հայաստանն է. այդպես հետաքրքիր չէր լինի և դա չէր վայելի տասնյակ դարերի պատմություն ունեցող մի երկրի ու ժողովրդի զավակի։
Նա ուշադիր կնայեր հարց տվող երիտասարդին, կլսեր նվագախմբի ու երգչախմբի խռովահույզ ձայներն ու կասեր.—
«Իմ երկիրն այն է, որ գտնվել է Բիբլիական Արարատ լեռան ստորոտում, առասպելական դրախտի տեղում, և որտեղ կյանքը դարերով դժոխքի էր նման…
Այն երկիրը, որտեղ դարեր շարունակ պատերազմ ու աղետ է ներմուծվել և արտահանվել որբ ու գաղթական, ներմուծվել ոճիր ու խավար՝ լույս ու հանճար արտահանվելով, և գազանություն ու բռնություն ներմուծվելով՝ բարություն և ազատության տենչ արտահանվել…
Քարաշատ այն երկիրը, որտեղ քարե տուն ուներ միայն Հիսուսը, և որը հաճախ չէր կարողանում մի կտոր քար դնել իր ամենից սիրելի զավակների շիրիմներին…
Իմ երկիրն այն է, որտեղ գետերը դարեր շարունակ իրենց բաշը ժայռերին են խփել, անգործությունից գազազել ու պղտորվել՝ ծարավ թողնելով մի քայլ հեռու ընկած հողերը, և նո՜ր են միայն լույս ու կանաչ դառնում…
Այն երկիրը, որի հողը դարեր շարունակ ոռոգվել է դառը քրտինքով և նոր է միայն մարդուն տալիս դարերով կուտակված իր քաղցրությունը…
Առասպելական Վահագնի պես եղեգան փողի հրից ու բոցից ծնված այն երկիրը, որը դարերով տառապել է պատերազմների չար կրակներից և նոր է միայն ջերմանում գործարանների ու հնոցիների բարի հուրերից…
Հնոց մագաղաթների ու գրքերի այն երկիրը, որն իր երեսունվեց տառերի խիզախ ջոկատով դարեր շարունակ դիմադրել է իրեն ձուլել ու ոչնչացնել սպառնացող բոլոր ոսոխներին…
Այն երկիրը, որի սկզբում լեռների մեջ կորած, իսկ ապա՝ օտար ափերում կռունկի պես թևածող երգը հիմա հասնում է արար աշխարհին…»
Այսպես կասեր թավ ձայնը, կպատմեր իր մասին ջութակների, շեփորների ու թմբուկների նվագակցությամբ, և երգչախումբ-ամբոխը կլսեր նրա ու կմտածեր «գուցե Հայաստա՞նն է սա, հայ ժողովո՞ւրդը…»;
Բայց նա դեռ համոզված չէր լինի, և մի կանացի ձայն նորից հարց կտար.
—ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՍ ԴՈՒ ԳԱԼԻՍ, ՃԱՄՓՈՐԴ...
Բայց ճամփորդն անմիջապես չէր ասի, թե որտեղից է ինքը գալիս և ինչ է տեսել իր դարավոր ճամփին։
Այդպես հետաքրքիր չէր լինի և դա չէր վայելի տասնյակ դարերի պատմություն ունեցող մի երկրի ու ժողովրդի զավակի։
Նա կժպտար, կօրորեր գլուխը, կնայեր հարց տվող կնոջը և, նվագախմբի ու երգչախմբի հանդիսավոր հնչյունների տակ, կասեր.—
— Հայասա երկրից եմ ես գալիս, որն ինձ պատգամեց, թե «ինքդ քեզ հա՛յ ասա», և որը մարդկության հնագույն օրրաններից է աշխարհում.
Նաիրի երկրից եմ ես գալիս, անսանձ գետերի ինքնիշխան երկրից, և Բիայնա երկրից, երտեղ բերդեր էի կառուցում և փորագրում Երևանի ծննդյան սեպագիր վկայականը…
Ծուինիայից՝ Սևանա լճից եմ գալիս, որտեղ Արգիշտի արքայի խնջույքների համար որսում էի այն արքայական ջուկը, որի վրա, հենց էն գլխից, իմ ցեղի արյան հետքերը կային…
Տիգրականկերտից եմ գալիս, որտեղ ամուր դրի երեք ծովերի ջրերով ողողվող իմ հզոր պետության գահը և Արտաշատից — «Հայոց Կարթագենից» — որտեղ մի օր բեմ դուրս բեր հռոմեացի գոռոզ զորավար Մարկոս Կրատոսի կտրված գլուխը։
Ավարայրից եմ ես գալիս, որտեղ իմ թեթև հեծելազորը թեև տրորվեց պարսկական ծանր փղերի տակ, սակայն բռնակալ Հազկերտն իր հողը քաշվեց՝ սարսափած իմ ապրելու և տևելու զորեղ հավատից…
Սասնա բարձրիկ սարերից եմ գալիս, որտեղ, հույսս կտրած և՛ թաֆավորից, և՛ աստծուց, ապավինեցի հեքիաթին ու հրաշքին՝ գառնարած Դավթի սրով դուրս քշելով իմ հողից Մսրա անհամար զորքը։
Որտե՜ղ ասես, որ չեմ եղել ես և որտեղի՜ց ասես, որ չեմ գալիս… Արտաշատից մինչև Տիգրանակերտ և Վաղարշապատից մինչև Դվին ու Անի ես դար ու դարեր ազատամարտ եմ մղել հռոմեացու և պարսիկի, բյուզանդացու և արաբի, սելջուկի ու մոնղոլի, թաթարի ու թուրքի դեմ, հանուն իմ՝ թող մի թիզ դարձած հողի ու մի բուռ մնացած ժողովրդի գոյության…
Անի մայր քաղաքից եմ ես գալիս,— գերված ու ավեր Անիից, որը հարություն է առնում Նոր Երևանի կոթողների մեջ։
Կապույտ ծովի ալիքներով ողողված չքնաղ Կիլիկիայից եմ ես գալիս, որտեղ մի օր, ավա՜ղ, դագաղ դրին իմ անկախության վերջին հույսը…
Սյունիքի բարձր ու անառիկ լեռներից եմ ես գալիս, որտեղ, ահեղ հողմերի խաչմերուկում, անմա՜ր եմ պահել իմ պետականության անթեղը, և Սարդար բերդիցմ որտեղ եղբայրացան հայոց սուրն ու ռուսաց թնդանոթը…
Պարսից հարկահաններից փրկված գյուղերից ու քաղաքներից եմ գալիս Սուլթանի լծի տակ հեծող գյուղերից ու քաղաքներից, որտեղ ամեն Զեյթուն՝ պայթյո՜ւն էր և ամեն Սասուն՝ ցասո՜ւմ…
Տեր-Զորից եմ ես գալիս, Մեսքեններից ու Ոաս-ուլ-այնից, որտեղ խոշտանգեցին ինձ, բայց ես չմեռա, ջարդեցին մեջքս, բայց ես նորից շտկվեցի, սպանեցին ինձ, բայց ես վերստին հարություն առա…
Մուշից եմ գալիս և Շատախենից, Անդոկ սարից ու Վանա այգեստանից, Հաճընից ու Մուսա լեռան կատարից, որտեղ զենքը ձեռքիս պաշտպանել եմ իմ տանը պատիվը, իսկ ապա, ավա՜ղ, ցուպը ձեռքիս ցրվել աշխարհով մեկ…
Սարդարապատից եմ ես գալիս, որը նոր Ավարա՛յր դարձավ ինձ համար և որտեղ ես, թեև արյունաքամ, կասեցրի թուրք ֆահիճների զավթարշավը և իմ սեփական հողում մի թիզ հող նվաճեցի մի բուռ որբերիս ու գաղթականներիս համար…
Ղափանի ու Ալավերդու հանքերից եմ գալիս, Ալեքպոլի կայարանից ու Երևանի այգիներից, որտեղ ընդվզել եմ հանուն Հեղափոխության և հանուն նոր կյանքի…
Հրազդանի ձորից եմ գալիս, որտեղ առաջին անգամ բաբախեց նոր Հայաստանի էլէկտրական սիրտը, և Շիրակի ջրանցքի ափից, որն իր մի բուռ ջրով ոռոգում էր իմ վերածնության դեռ մատղաշ շիվը…
Արագածի լանջերից եմ գալիս, որտեղից մի օր սանձեցի տիեզերական ճառագայթների կապույտ նժույգը, և Բյուրականից, որտեղ զրույցի եմ նստում հեռավոր մոլորակների ու աստղերի հետ…
Երևանից եմ ես գալիս, դարավոր ու նոր Երևանից, որն իմ նոր Տիգրանակերտն է, Աշտարակը, Դվինը, Անին ու Սիսը միաժամանակ, և որը սուրբ ուխտավայր է դարձել աշխարհում ցրված բոլոր հայ պանդուխտների համար…»:
Գևորգ Էմին
Բարև Թախիծ Ֆեյսբուք