Եվրամիությունը փորձում է բոլոր միջոցներով ստանալ կորոնավիրուսի դեմ խոստացված պատվաստանյութերը
Եվրամիությունը դեղագործական ընկերություններին նախազգուշացրել է, որ կօգտագործի բոլոր օրինական միջոցները կամ նույնիսկ կարգելափակի արտահանումը, եթե պատվաստանյութերը պայմանավորված ժամկետում չմատակարարվեն, հաղորդում է Reuters-ը:
ԵՄ-ն պայքարում է պատվաստանյութեր ստանալու համար, մինչդեռ դեղերի արեւմտյան խոշոր արտադրողները արտադրական խնդիրների պատճառով դանդաղեցնում են մատակարարումները:
Քանի որ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի կենտրոնները դադարեցրել կամ հետաձգել են պատվաստումները, ԵՄ-ն դեղամիջոցներ չմատակարարելու համար հրապարակավ նախատել է անգլո-շվեդական AstraZeneca արտադրողին:
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլզ Միշելը ԵՄ չորս ղեկավարներին ուղղված նամակում նշել է, որ ԵՄ-ն պետք է ուսումնասիրի օրինական միջոցները` COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարումը ապահովելու համար, եթե հետաձգված առաքումների շուրջ ընկերությունների հետ բանակցությունները հաջողությամբ չպսակվեն:
«Եթե հնարավոր չէ գտնել բավարար լուծում, կարծում եմ, որ մենք պետք է ուսումնասիրենք բոլոր տարբերակները եւ օգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր իրավական միջոցներն ու հարկադրական միջոցները՝ համաձայն Պայմանագրերի»,- ասել է նա:
ԵՄ ներկայացուցչի խոսքով՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արտահանումը վերահսկելու եւ թույլատրելու մասին ԵՄ կանոնները կարող են հանգեցնել արտահանման արգելափակման՝ պատվաստանյութեր արտադրողի եւ ԵՄ-ի միջեւ առկա պայմանագրերի խախտման դեպքում: