Երկար եմ մտածել՝ պարտությունը ապիկարությա՞ն, գուցե այն բանի հետևանք էր, որ դատարկ ուղեղներով մարդիկ եկան իշխանությա՞ն, բայց ամենը ցույց է տալիս, որ դա եղել է դավաճանություն․ Վ․ Դևրիկյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, ազատամարտիկ Վարդան Դևրիկյանի կարծիքով՝ բանակի օրով ամենաճիշտ խոսքը լռությունը կլիներ, բայց պետք է արձանագրել, որ այն, ինչ տեղի ունեցավ այս պատերազմում, նույնիսկ համաշխարհային առումով եզակի էր.
«Թե՛ մեր, թե՛ համաշխարհային պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, երբ բանակը չի կռվել, և ամոթալի պարտություններ են եղել: Հայ իրականության մեջ դրա բարձրակետը Կարսն էր, բայց համաշխարհային պատմության մեջ շատ քիչ կան օրինակներ, երբ բանակն ինքնամոռաց ձևով կռվում է, ժողովուրդը կամավորագրվում է, բայց արդյունքում տեղի է ունենում նման խայտառակ պարտություն: Դա կարող է բացատրվել միայն մի բանով՝ դավաճանությամբ: Ես երկար ժամանակ մտածել եմ, թե դա տգիտության արդյո՞ւնք էր, ապիկարությա՞ն, գուցե այն բանի արդյունք, որ դատարկ ուղեղներով մարդիկ ինքնավստահությամբ եկան իշխանությա՞ն, բայց հիմա բոլոր կարգի վերլուծությունները ցույց են տալիս, որ դա եղել է դավաճանություն, և ամբողջ պատերազմի ընթացքում այդ դավաճանությունը փորձել են սքողել դատարկ կարգախոսներով:
Պատերազմի 4-րդ, 5-րդ օրը, երբ այդ տեղանքները մտովի պատկերացնում էի, հասկացա, որ այդ դատարկ, ամպագոռգոռ բաները, որ ասում էին՝ էս ինչ ձևի օպերացիա են արել, այսքան տանկ են խփել, անհեթեթություն է, որովհետև գիտեի՝ այդ տարածության վրա տեխնիկապես դա անհնար է, տանկը զինվոր չէ, եթե զինվորի միջանձնային հեռավորությունը 5-7 մետր է եղել, տանկինն անհամեմատ երկար է եղել, և այդ ուղղության վրա այդքան տանկ չէր կարող գալ: Եվ հիմա մենք պետք է զարմանանք մեր բանակի վրա, որ ինչքան մարտունակ ու հերոսական է եղել, որ կարողացել է նման ստոր դավաճանության պայմաններում կռվել»:
Այդ ապիկարությունը և դավաճանությունն արդարացնելու համար, ըստ Դևրիկյանի, մի կեղծ ու ողորմելի թեզ են շրջանառում, թե բանակից կտրել և իրենց առանձնատուն են կառուցել. «Ես չգիտեմ՝ որևէ առանձնատուն ինչքանով է բանակի հաշվին կառուցվել, բայց ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ 2015-ին, երբ նույն կրակային հզորությամբ Ադրբեջանը հարձակվեց, որևէ էական արդյունքի չկարողացավ հասնել և անհամեմատ ավելի զոհեր տվեց, որովհետև այն ժամանակ կար ճիշտ կազմակերպվածություն, փորձ և պրոֆեսիոնալիզմ, իսկ ամենակարևորը՝ չկար դավաճանություն: Ասում են՝ բանակից փողերը կտրել են, խրամատը նեղ են սարքել 40 սմ. կարդում ու զարմանում ես, որ այդ մարդիկ բանակի պաշտպանության հետ առնչվող մարդիկ են, խրամատն ինչքան լայն սարքես, այնքան հավանականությունը մեծ է, որ կրակված արկը կգա կընկնի մեջը՝ պայթելով ու ոչնչացնելով:
Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր ամբողջ առաջնագիծն ըստ արժանվույն կահավորված է եղել, և օպտիմալ լայնությունը եղել է այնքան, որ զինվորը կարողացել է տեղաշարժվել, համապատասխան բաշխման և տեղաշարժման գործողություններ տեղի ունենան, այսինքն՝ ամեն ինչ արվել է գրագետ, օպտիմալ բարձր մակարդակի վրա: Թող իրենք ամաչեն ու մտածեն, որ զինվորը զրահաբաճկոն չի ունեցել: Մեծ քննություններ են պետք՝ այս ամեն ինչը հասկանալու համար: Մտքով ասում եմ՝ դավաճանություն է, բայց սրտով չեմ կարողանում հավատալ, որ նման ճիվաղներ կլինեին, ովքեր հանուն փողի նման բան կանեին: Միայն ճիշտ քննությունը ցույց կտա դա:
Ավետարանական ճշմարտությունն ասում է՝ ինչ չափով դատես, նույն չափով պիտի դատվես: Հիշում եք, չէ՞, ինչ մեծադղորդ՝ Ապրիլյան պատերազմի հարցերը քննող հանձնաժողով էին ձևավորել այն դեպքում, որ այն ժամանակվա արդյունքներն անպատկերացնելի էին, որին մենք ոչ միայն ըստ արժանվույն դիմագրավեցինք, այլև հստակ պարզ եղավ, թե դրանից հետո մեր բանակի ուղղությունը, պաշտպանությունը, հակամիջոցներն ինչպես պետք է զարգանան, և այդ պայմաններում այսպիսի անփառունակ պարտություն..., բայց մարդիկ հանձնաժողով ստեղծեցին, և դրա նախագահը, անդամները, ստեղծողները թող հիմա ամոթից գնան կախվեն կամ հրապարակային ներողություն խնդրեն: Կանչում էին մեր հերոսներին ու հաշվետվություններ էին պահանջում, մեկը հիմա ասի՝ այ ճիճուներ, բա հիմա ինչ եք անում... չգիտեմ՝ տոնական օրով ճիշտ է այս ամենի մասին խոսել, բայց ես ոչ միայն ընդհանուր պարտության վրա եմ ողբում, այլև իմ անիմաստ դարձած կյանքի, անցյալի վրա, պարզվեց՝ ամեն ինչ իզուր ու անհեթեթ դարձավ:
94-ին Մատաղիս մտնողներից առաջիններից մեկը ես եմ եղել, դա իմ կյանքում ավելի մեծ հպարտություն է եղել, քան գիտական ցանկացած նվաճում: Վերջերս ինձ համար թանկ մարդկանցից մեկը, որ զոհվել էր, նրա մայրն ասաց՝ երնեկ այդ Մատաղիսը չազատագրեիք, իմ տղան էլ այդտեղ չէր զոհվի: Ու մտածում ես՝ իսկապես, ո՞ւմ էր պետք այդ զոհողությունը, գուցե այսօրվա զոհերն էլ չէին լինի»: Դևրիկյանն ընդգծում է՝ այս պարտությունը ոչ թե մեր բանակի պարտությունն էր, այլ ռազմաքաղաքական ղեկավարության. «Որ ասում էին՝ ազգ-բանակ, դա իսկապես իր արդյունքը տվեց, և 44 օր տևած պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք բանակ և դրան զուգահեռ՝ նաև ազգ-բանակ: Սա մի կողմից բացառիկ և հպարտացնող երևույթ է, մյուս կողմից էլ շատ մտահոգիչ է, որովհետև հոգեկան խոյանքների մեջ՝ նման դավաճանություններից հետո խորը հուսալքությունն ու բարոյալքությունն են հաջորդում և հակառակ էֆեկտի բերում: Այսօր մեր ժողովուրդն իրապես կանգնած է մեծ արտագաղթի և մեծ խնդիրների առաջ: Մեկուկես օր է, ինչ բացվել է օդային հաղորդակցությունը, և բոլորը տոմս առնելու մասին են խոսում: Մի նոր հոգի պետք է ներարկվի, որ հասկանանք՝ անպաշտպան չենք, մեր պաշտպանությունը և ամեն ինչը ծախել են, սա պետք է գիտակցի մեր ժողովուրդը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: