Դպրոցների խորհուրդներում լիազոր մարմինների կողմից նշանակվում են ՔՊ անդամներ, որոնք ոչ մի կապ չունեն ո՛չ կրթության, ո՛չ լիազոր մարմնի հետ․ նշանակվում են, որ ցանկալի տնօրենների նշանակեն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հանրակրթության մասին օրենքն արգելում է ուսումնական հաստատություններում իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն, և շատ կրթօջախներ այս դրույթը գրել են իրենց կանոնադրությունում: Կրթության նախարարներն էլ, պաշտոնի գալով, մշտապես խոստանում են դպրոցները չներգրավել քաղաքականության մեջ, սակայն կրթության ոչ մի նախարար՝ դաշնակցական Լևոն Մկրտչյանից սկսած և հեղափոխական Արայիկ Հարությունյանով վերջացրած, չի կատարել իր խոստումը: Ասում են՝ դեռ անցյալ տարեվերջին, երբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել էր փոխել դպրոցների կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգը, նախարար Հարությունյանն իր մոտ է հրավիրել տնօրեններին ու ոգևորված ազդարարել, որ շրջանառության մեջ դրված նախագծով վերջ է դրվելու դպրոցների կախյալ վիճակին, փոխվելու է նաև տնօրենի ընտրության կարգը, որ դպրոցների կառավարման խորհուրդները նոր փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո անկախ, անկաշկանդ են գործելու: Նոր կարգը նախատեսում էր ոչ թե 8, այլ 9 անդամից կազմված խորհուրդ, ինչն էական տարբերություն էր լինելու: Այսօր դպրոցի կառավարման խորհրդի կազմում 8 հոգուց 4-ը դպրոցի ներկայացուցիչներ են՝ 2 ծնող, 2 մանկավարժ և 4 հոգի, այսպես ասենք՝ պետության, լիազոր մարմնի: Ավագ դպրոցների պարագայում, օրինակ, 3 հոգի լիազոր մարմնից՝ նախարարությունից են, մեկը՝ մարզպետարանից:
Նոր կարգով, խորհուրդը բաղկացած էր լինելու 9 հոգուց՝ երեք ծնողից, երեք մանկավարժից, նախարարության երկու և մարզպետարանի մեկ ներկայացուցչից: Այսինքն՝ դպրոցի ներկայացուցիչները լինելու էին կեսից ավելի, և եթե նրանք միահամուռ լինեին, կառավարությունը չէր կարող ոչինչ փոխել: Մեր տեղեկություններով, այս փոփոխությունը քննարկումների ընթացքում չեղարկվել է: Խորհրդի կազմն ու տնօրենի ընտրության կարգը, որի պարագայում լիազոր մարմինն է փաստացի որոշում հաղթողին, մնացել են նույնը: Իշխանությունը չի ցանկանում ձեռքից բաց թողնել դպրոցների վրա ազդեցության լծակները: Ավելին՝ այսօր դպրոցների խորհուրդներում լիազոր մարմինների կողմից նշանակվում են գրեթե բացառապես ՔՊ անդամներ, որոնք ոչ մի կապ չունեն ո՛չ կրթության, ո՛չ լիազոր մարմնի հետ: Նշանակվում են, որ ցանկալի տնօրենների նշանակեն՝ այնպես, ինչպես ժամանակին Հանրապետականն էր անում:
Թե ինչ վտանգավոր է այս իրավիճակը, ակնհայտ երևաց Աբովյանի թիվ 1 հիմնական դպրոցի շուրջ զարգացումներից: Հունվարի 22-ին դպրոցի կառավարման խորհուրդը տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ է անցկացրել: Տնօրենի երկու թեկնածուները՝ նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը և Աբովյանի թիվ 10 դպրոցի մի ուսուցչուհի, որը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մտերիմն է, ստացել են խորհրդի անդամների հավասար ձայներ՝ 4-4: Այս դեպքում, օրենքի համաձայն, վերջնական ընտրությունը պետք է կատարի նախարարը՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դպրոցի կոլեկտիվը բողոքի ակցիաներ արեց, գնաց նախարարության դուռը, աղմկեց: Եվ մարդիկ հույս ունեն, որ նախարարը կընտրի իրենց թեկնածուին, որն Աբովյանի լավագույն տնօրեններից է: Երեկ՝ հունվարի 28-ին, մրցույթից 6 օր անց, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը որոշում չունի: Մետաքսյա Բաբայանը մեզ հայտնեց, որ առայժմ նախարարությունից նորություն չունի: «Կարգն այսպիսին է. դպրոցը հավակնորդների փաստաթղթերը ներկայացնում է երեք օրվա ընթացքում նախարարություն, դրանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նոր նախարարությունը հրաման է տալիս: Նորություններ սպասում ենք հաջորդ շաբաթ: Դեռ Նորություն չունենք»,- ասաց թեկնածուն: Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել:
Տնօրեններին ընտրում են խորհուրդները, որոնց կազմի 50 տոկոսը կառավարության նշանակած մարդիկ են: Եթե խորհուրդը չի կարողանում ընտրել անհրաժեշտ մարդուն, նրան օգնում է նախարարությունը: Այս նույն սխեմայով է անցել ընտրությունը նաև Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցում: Կոլեկտիվի թեկնածուն՝ դպրոցի փորձառու տնօրեն Արմեն Բաղդասարյանը, պարտվել է ՔՊ-ական թեկնածուին: Կառավարման խորհրդում ևս ՔՊ-ականներ են եղել: Մրցույթի մանրամասները կներկայացնենք վաղը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: