ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց․Լարսի ռուսական կողմում մոտ 420 կուտակված բեռնատար կա
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գեղարքունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Թալինի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում եւ Սարավան-«Զանգեր» հատվածում, Արմավիրի մարզի Արմավիր եւ Էջմիածին, Կոտայքի մարզի Եղվարդ եւ Աբովյան քաղաքներում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։