Իրանը հայտարարել է Նաթանզի ատոմային օբյեկտում 1000 ցենտրիֆուգի տեղակայման մասին
Իրանի իշխանությունները հինգշաբթի հայտարարել են Նաթանզի ատոմակայանում 1000 ցենտրիֆուգի տեղակայման մասին: Այս մասին հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը` վկայակոչելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ), փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ ԻԱԷԿ-ի` «Հազար ցենտրիֆուգը [ուրանի հարստացման համար] Նաթանզում գտնվող օբյեկտում տեղակայվել է երեք ամսվա ընթացքում»:
Անցյալ տարվա սեպտեմբերին Նաթանզի միջուկային օբյեկտում բռնկված հրդեհից հետո Իրանը որոշում էր կայացրել ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների արտադրության նոր արտադրամասի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ սկսելու մասին: Ինչպես այդ ժամանակ հայտարարել էր ԻԱԷԿ-ի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, «կոպիտ քայքայիչ գործողությունների պատճառով որոշում է կայացվել Նաթանզի մոտակայքում գտնվող լեռան հենց սրտում ավելի ժամանակակից, մեծ եւ բոլոր առումներով զարգացած արտադրամաս ստեղծելու մասին»: Նա նաեւ հայտարարել էր սարքավորումների մատակարարման նախապատրաստական աշխատանքների մեկնարկի եւ կատարելագործված ցենտրիֆուգների արտադրության համար մի շարք արտադրամասների ստեղծման մասին:
Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հրդեհը բռնկվել էր հուլիսի 2-ին: Հրդեհից վնասված շենքը նախատեսված էր ցենտրիֆուգների արտադրության համար: Օգոստոսի 23-ին ԻԱԷԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հաստատել էր, որ միջադեպը սաբոտաժի ակցիա էր: Բացի այդ, սեպտեմբերի 6-ին նա հավելել էր, որ Իրանի իշխանություններին հաջողվել է բացահայտել ակցիայի հետեւում կանգնած ուժերին: