«Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին»․ նոր գիրք, նոր փաստեր
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ տպագրվել է «Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում» աշխատությունը։ Գիրքը նվիրված է Մեծ Հաղթանակի 75-ամյակին։
Գրքի հեղինակներն են Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղի դասախոս պ. գ. դ. Ստեփան Ստեփանյանը (Կերտող) եւ Երեւանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գործադիր տնօրեն, տ․գ․թ․ Վահրամ Կարապետյանը:
Մենագրություն-գրքի 17 գլուխներում ներկայացվում է հայ ազգի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմի բոլոր ճակատներում, այդ թվում ազգային ռազմական միավորներում, պարտիզանական ջոկատներում, հետախուզական օպերացիաներում: Հեղինակները հավաքագրել են հայերի մասնակցությունը բոլոր ռազմաճակատներում՝ հիմնվելով ոչ միայն հայտնի փաստերի, այլեւ մինչեւ այժմ գիտական շրջանառության մեջ չդրված նյութերի վրա: Ներկայացվում է հայերի մասնակցությունը Մոսկվայի, Ստալինգրադի, Կուրսկի ճակատամարտերին, ինչպես նաեւ Ղրիմի եւ խորհրդա-ճապոնական պատերազմին։
Առանձնակի պատմվում է նաեւ ԽՍՀՄ մարշալներ Հ․ Բաղրամյանի, Ս․ Խուդյակովի, Հ․ Բաբաջանյանի եւ նավատորմի ադմիրալ Հ․ Իսակովի գործունեությունը, ինչպես նաեւ ԽՍՀՄ հայ հերոսների եւ «Փառքի շքանշանի» ասպետների սխրանքները:
Գիրքը հրատարակվել է Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ։
«Գրքում առկա են արխիվային, փաստագրական եւ գիտական բազում նյութեր, ինչը հնարավորություն է տալիս բազմակողմանի դիտարկել Մեծ Հաղթանակի համար հայ ազգի դերն ու սխրանքները, բացահայտվում են նոր փաստեր»,- նշեց Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Առանձին գլխով ներկայացված է Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Ընթերցողը կարող է ծանոթանալ նաեւ հայ հետախույզների եւ թիկունքի աշխատանքներին, հայ գիտնականների մասնակցությանը ԽՍՀՄ «Ատոմային նախագծում»:
Գրքի առաջաբանը հեղինակել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Հայրենական պատերազմի եւ զինված ուժերի վետերանների միության նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը:
«Պատերազմի առաջին օրերից Հայկական ԽՍՀ-ն մոբիլիզացրեց իր ամբողջ ներուժը՝ արտադրությունն ու գյուղատնտեսությունը վերափոխելով ռազմական իրողություններին համապատասխան։ Այս ճակատագրական խնդիրները լուծելուն ծառայում էր կուսակցական եւ պետական մարմինների, ձեռնարկությունների, կոլխոզների ու սովխոզների, գիտական ու մշակութային հիմնարկների գործունեությունը: Ամբողջ հանրապետությունը՝ որպես մեկ երկրի անբաժան մաս ապրում էր հաղթանակի ոգով եւ «Ամեն ինչ ճակատի եւ հաղթանակի համար» կարգախոսով»,- նշվում է գրքի նախաբանում։