Էրդողանի իշխող կուսակցության հետ սերտ կապեր ունեցող շինարարական ընկերությունը կկառուցի դեպի Շուշի տանող մայրուղին
Թուրքական շինարարական ընկերությունը, որը հայտնի է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության հետ սերտ կապերով, ձեռնամուխ է եղել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում ավտոմայրուղու կառուցմանը, հաղորդում է Dünya թերթը։
Ըստ հաղորդման՝ թուրքական Kolin İnşaat ընկերությունը Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոմոբիլային ճանապարհի կառուցման համար կհամագործակցի ադրբեջանական ընկերության հետ։
Մայրուղին կանցնի 20 բնակավայրով, իսկ դրա շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին, գրում է թերթը։
Նշվում է, որ թուրքական ընկերությունն Ադրբեջանում արդեն շինհրապարակ է ստեղծել, որպեսզի մեկնարկի իր աշխատանքը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։