Թրամփն անձամբ չի մասնակցի Սենատում իր նկատմամբ իմփիչմենթի գործընթացի լսումներին, փոխարենը գրավոր ցուցմունքներ կներկայացնի․ NBC News
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Սենատում իր նկատմամբ իմփիչմենթի գործընթացի ժամանակ գրավոր ցուցմունքներ ներկայացնել, հաղորդում է NBC News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի երկու իրազեկ աղբյուրները հայտնել են, որ Թրամփը կարող է իր պաշտպանությանն ուղղված նամակ ուղարկել Սենատ և չի նախատեսում անձամբ մասնակցել լսումներին։
Նշվում է նաև, որ Թրամփին պաշտպանող իրավաբանների թիմին է միացել փաստաբան Ջոշուա Հովարդը՝ արդարադատության նախարարության նախկին աշխատակիցը, որը զբաղվել է ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի և Մոնիկա Լևինսկիի գործի հետաքննությամբ: Հեռուստաալիքը նշում է, որ այս գործընթացում Թրամփի գլխավոր իրավաբան Բուտչ Բաուերսը կարող է վարձել նաև սահմանադրական հարցերով փորձագետի։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը, գտնվելով Ֆլորիդայում, ուշադիր հետևում է իմփիչմենթի դեմ հանրապետականների ելույթներին՝ իրեն աջակցող կուսակիցներին անվանելով դաշնակիցներ։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 5 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Կենգրեսում տեղի ունեցած իրադարձությունները հիմք են հանդիսացել Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու համար։ Կոնգրեսականների մի մասի պնդմամբ՝ Թրամփն իր սադրիչ հայտարարություններով աջակիցներին հրահրել է անկարգությունների: