Պատերազմի ընթացքում խառնաշփոթին նպաստեց Հայաստանի քաղաքական ղեկավարության, առաջին հերթին՝ վարչապետի դիլետանտիզմը. «Առավոտ»
«Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները:
Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը և գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին և պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը», - վերջերս «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում խոստովանել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն այդ պաշտոնն էր զբաղեցնում արցախյան պատերազմի ժամանակ՝ այն պատերազմի, որում մենք ջախջախիչ պարտություն կրեցինք:
Եվ իսկապես՝ ո՞վ էր Արցախում կազմակերպում ինքնապաշտպանությունը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, Դավիթ Տոնոյա՞նը, Օնիկ Գասպարյա՞նը, Արայիկ Հարությունյա՞նը, Ջալալ Հարությունյա՞նը, գուցե Սամվել Բաբայանը կամ Աննա Հակոբյա՞նը: Պաշտպանության նախկին նախարարը իրավացի է այն առումով, որ այդ հարցի սահմանադրական կարգավորումները հստակ չեն, և պատերազմի ժամանակ դա իսկապես կարող է նպաստել խառնաշփոթի առաջացմանը: Այս կամ այն գործողություն իրականացնելու հրամանը պետք է տրվի մեկ կետից և անվերապահորեն կատարվի բոլորի կողմից: Ի դեպ, դա վերաբերում է նաև ԱԱԾ-ին, որն, ի վերջո, նույն զինվորական ծառայությունն է իրականացնում:
Բայց ավելի շատ, քան օրենսդրական բացերը, անհստակությանը և խառնաշփոթին նպաստում էր Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության և առաջին հերթին՝ վարչապետի դիլետանտիզմը: Հայտնի օրինաչափություն է. որքան մարդ տգետ է, այնքան՝ ինքնավստահ, որևէ նոր բան սովորելու անընդունակ և, որպես կանոն՝ պարանոյային հակված: 2,5 տարի պաշտոնապես գերիշխող մտայնությունն այն էր, որ մեր գեներալների և բարձրաստիճան սպաների զգալի մասը դավաճան է ու հեղափոխության թշնամի: Այդ միտքը հաջողությամբ մտցվել է լյումպենացված զանգվածի գլուխը՝ «բա ճիշտ էր արել Նիկոլը, որ Աննային ուղարկել էր Գլխավոր շտաբ՝ դավաճանությունն էր ուզում կանխել»: Պետության և բանակի մասին նման պատկերացումներով դժվար է հաղթել պատերազմում:
Մինչդեռ վստահ եմ, որ մեր գեներալների, սպաների ու զինվորների ճնշող, բացարձակ մեծամասնությունը հայրենասեր, իրենց գործին նվիրված ու խիզախ մարդիկ են: Պարզապես քաղաքական ղեկավարությունը պետք է վստահի նրանց գիտելիքներին, ականջալուր լինի նրանց հայտնած տեղեկություններին, ոչ թե ղեկավարվի սեփական երևակայությամբ ու ամբիցիաներով, բ/ նրանց առջև դնի հստակ և իրագործելի խնդիրներ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: