ԵՄ-ն փետրվարին կրկին կքննարկի Նավալնիի պատճառով ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
Եվրամիությունը փետրվարին կրկին կքննարկի Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Euronews հեռուստաալիքի լրագրողը (տեքստը տարածել է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը) Դենդիասի հետ հարցազրույցում նշել է, որ չնայած որոշ պետությունների կոչերին, ԵՄ արտգործնախարարները որոշել են նոր պատժամիջոցներ չկիրառել Ռուսաստանի պաշտոնյաների դեմ Նավալնիի ձերբակալման պատճառով: Նա նախարարին հարցրել է, թե համաձա՞յն է նա արդյոք այս մոտեցման հետ, և ինչպիսի՞ն պետք է լինի Եվրոպայի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ այս փուլում:
«Մենք բոլորս համաձայն ենք անդամ երկրների ճնշող մեծամասնության դիրքորոշման հետ, որը արտահայտել է (եվրոպական դիվանագիտության ղեկավար) Ժոզեպ Բորելը, այն է`ԵՄ-ն պետք է հնարավորություն տա Ռուսաստանին վերանայել այս հարցը: Եվ 30 օր հետո հարցը նորից կքննարկվի»,-ասել է Դենդիասը:
Նավալնին ձերբակալվել է հունվարի 17-ին Շերեմետևոյում՝ Գերմանիայից վերադառնալուն պես: Խիմկիի քաղաքային դատարանը նրան կալանավորել է 30 օրով: