Ինչո՞վ է պայմանավորված ՌԴ-ի կողմից մեկ ամսով «հումանիտար միջանցքի» բացումը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարությունը ՀՀ քաղաքացիների համար որոշել է մեկ ամսով բացել իր սահմանները: 2021 թվականի հունվարի 26-ի հրամանագրի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները կարող են Ռուսաստան մուտք գործել 2021 թվականի փետրվարի 1-ից մարտի 1-ը, ներառյալ Հայաստանի Հանրապետությունից կամ Բելառուսի Հանրապետությունից՝ օդային անցակետերով, Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով: Իհարկե, կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքների դեպքում:
Հիշեցնենք, որ մինչև հունվարի 27-ը ՀՀ շարքային քաղաքացիները կարող էին ՌԴ մեկնել միայն համապատասխան հիմք ունենալու դեպքում: «Հիմք» նշանակում է՝ «вид на жительство» կամ էլ ընտանիքի հետ վերամիավորում:
Եվ այսպես, ինչո՞վ է պայմանավորված ՌԴ-ի բացած այս «հումանիտար միջանցքը»: Քաղաքագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ՌԴ կառավարության այս որոշման տակ պետք չէ աշխարհաքաղաքական կոնտեքստներ փնտրել, տնտեսական շահեր են: «Սա ՌԴ շահերից բխող քաղաքականություն է, որի նպատակն է՝ խթանել Ռուսաստանի տնտեսությունը: Ռուսաստանը չի կարող անընդհատ փակված մնալ, քանի որ ՌԴ մեկնողներն այնտեղ՝ տեղում, խթանում են տնտեսությունը: Իրենց մոտ շինարարություն կա անելու: Եվ բացի աշխատանքները, գնում են ապրանքներ ու ծառայություններ սպառում»,- ասում է քաղաքագետը:
Այդ դեպքում ինչո՞ւ մեկ ամսով: Չէ՞ որ կորոնավիրուսային բռնկումներն ու ալիքները պայմանավորված են մարդկանց ներհոսքներով: Արմեն Բադալյանի խոսքով՝ ՌԴ-ն հիմա իրեն առավել ապահովագրված է զգում, քանի որ համայն Ռուսաստանով մեկ արդեն անցել են «Սպուտնիկ-\/»-ով պատվաստումների: Հայաստանում էլ իրավիճակը կորոնավիրուսի առումով փոքր-ինչ թեթևացել է: «Այս զանգվածային պատվաստումների ֆոնին մեկ ամիս հետո եթե նպատակահարմար գտան երկարացնել՝ կերկարացնեն, որովհետև հիմա պետք է նախնական տեսնեն՝ եթե այլ երկրներից քաղաքացիներ գալիս են իրենց երկիր, դա ինչ ազդեցություն է թողնում, կորոնավիրուսի հետ կապված ցուցանիշները բարձրանում են, չեն բարձրանում: Տնտեսությանը կնպաստի, թե ոչ: Իսկ մեկ ամիսը բավարար ժամանակահատված է համապատասխան վերլուծություններ իրականացնելու համար»,-կարծում է քաղաքագետը:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ևս կարծում է, որ պատճառները տնտեսական են: Ավելին՝ հիմա ողջ աշխարհում սկսվել է սահմանների բացման միտում: Տնտեսագետի խոսքով՝ ԵԱՏՄ-ի համար սա նաև քաղաքական նշանակություն ունի, ի վերջո, այդ միության կարգախոսն է՝ մարդկանց, ապրանքների, կապիտալի ու ծառայությունների ազատ տեղաշարժը: Այնուամենայնիվ, չկան աշխարհաքաղաքական այլ նկատառումներ: Ոմանք կարծում են, թե սա հումանիտար «միջանցք» է՝ Հայաստանից արտագաղթելու համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: