Դա բավարար հիմք չէ իշխանափոխություն պահանջելու համար․ Հովիկ Աղազարյանը՝ Արցախը հանձնելու և ապաշնորհ կառավարման հետևանքով առնվազն 5 հազար զոհ ունենալու մասին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։
-Իմ քայլը» մտադիր է սահմանադրական փոփոխությունների ճանապարհով՝ առանց վարչապետի հրաժարականի, լուծարել խորհրդարանը, ի՞նչ կանխատեսումներ ունեք, խմբակցությունը կգնա՞ այդ քայլին:
-Հարցը դեռ օրակարգում չէ:
-Բայց իմքայլականները հաստատում են այդ մտադրությունները: Հաշվի առնելով, որ Սահմանադրությունն ԱԺ-ի լուծարման այլ հնարավորություններ է տալիս, նման մտադրություններն ինչո՞վ են պայմանավորված:
-Անկեղծ ասած, Սահմանադրության այս պահին տրվող գործիքակազմը լրիվ բավարար է, ուստի ես խոր ընկալում չունեմ այդ առաջարկի վերաբերյալ:
-Եթե բավարար են, իշխող թիմն ինչո՞ւ չի գնում արտահերթ ընտրությունների:
-Վարչապետը նման առաջարկով հանդես եկավ, որ գնանք արտահերթ ընտրությունների, բայց դա անենք խորհրդարանական ընդդիմության հետ՝ մի շարք հարցերի շուրջ համաձայնության գալուց հետո: Այդ հարցերի թվում նոր Ընտրական օրենսգրքի ընդունումն է և այլն:
-Իսկ այդ համաձայնությունների մեջ մտնո՞ւմ է կոալիցիայի ձևավորումը՝ մինչև ընտրությունների գնալը:
-Ոչ, չի մտնում:
-Ընդդիմությունը կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ ասաց՝ կարող էր առանց նախապայմանների ընտրության գնալ, հատկապես, որ մինչև այս պահը պահպանում էր խորհրդարանական մեծամասնությունը:
-Քանի որ մեր ընդդիմադիր գործընկերները՝ և՛ ԼՀԿ-ն, և ԲՀԿ-ն, հայտարարել են, որ իրենց համար ընդունելի չէ ընտրություններն անցկացնել մեր իշխանության օրոք, հետևաբար, ես խոր անհանգստություն ունեմ, որ արտահերթ ընտրությանը ընդդիմադիրները կարող են չմասնակցել՝ բոյկոտել:
-Թող չմասնակցեն, կգտնեք ուժերի, որոնք կմասնակցեն, և հանրությանը, աշխարհին ցույց կտաք, թե ինչ վստահության թվեր ունեք: Դա կերևա թե՛ ընտրողների մասնակցությունից, թե՛ ձեր ստացած ձայների քանակից:
-Երբ կոնսուլտացիաները կավարտվեն, և կունենանք ամբողջական պատկերը, կանդրադառնանք այդ հարցին:
-Այդ դեպքում ինչո՞ւ է Վահագն Հովակիմյանը հայտարարում, որ ունեք նման մտադրություն...
-Ո՞վ է Վահագն Հովակիմյանը:
-«Ձեր քայլից», օրենքներ գրողը։
-Դուք իրեն ճանաչում եք, դե ուրեմն իրեն էլ հարցրեր: Ինչպե՞ս ինքը կարող է նման կարծիր ունենալ, որ դա կարևոր նախագիծ է, այնպես էլ ես իրավունք ունեմ կարծիք հայտնելու, որ դա այս պահի համար այնքան էլ կարևոր չէ:
-Եթե կոնսուլտացիաներն ավարտվեն, իշխանությանը չհաջողվի խորհրդարանական ընդդիմությանը համոզել՝ հուշագիր ստորագրել, հնարավո՞ր է ընդհանրապես հրաժարվեք արտահերթ ընտրությունների մտքից:
-Երբ Ձեր ասածը տեղի ունենա, ես մեր թիմում կլինեմ այն տեսակետի կրողը, որ, այո, անհրաժեշտություն չկա գնալ արտահերթ ընտրությունների:
-Բայց Նիկու Փաշինյանն էր, չէ՞, ասում, որ կատարվածի հարցում ընդունում է պատասխանատվությունը և, այո՛, պատրաստ է ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը: Հիմա չե՞ք ուզում հասկանալ՝ ժողովուրդը ձեզ վստահո՞ւմ է, թե ոչ:
-Այդ վստահությունը ճշգրտելու լիքը ճանապարհներ կան, օրինակ՝ վստահության հանրաքվեն:
-Վազգեն Մանուկյանն Արարատում հայտարարեց, եթե սահմանադրական ճանապարհով չստացվի Փաշինյանին հեռացնել վարչապետի պաշտոնից, դա կանեն ըմբոստության, ընդվզման, ապստամբության միջոցով:
-Ինձ անհանգստացնում է այդ հայտարարությունը, որովհետև այդտեղ թաքնված կոչ կա՝ քաղաքացիական պատերազմի հրահրման:
-Մոռացե՞լ եք 2018-ին ձեր գործողությունները:
-Մենք ապստամբությո՞ւն արեցինք:
-Դուք էլ էիք ռադիոտուն գրավում, շենքեր պաշարում, սրա մասին է խոսքը:
-Եթե իրենց գործողությունները կլինեն Սահմանադրության և օրենքների շրջանակում, ես խնդիր չեմ տեսնում: Բայց տարօրինակ է, երբ իշխանությունն ասում է՝ եկեք գնանք ընտրությունների, ընդդիմությունը պատասխանում է՝ իյա, կկեղծես: Ասում է՝ ո՞նց կկեղծեմ, եթե դու ընտրական հանձնաժողովներում երկուական ներկայացուցիչ ունես, ասում են՝ դա քիչ է: Քիչ է, եկեք նստենք, լրացուցիչ գործիքակազմ քննարկենք, էլի չեն համաձայնում:
-Ասում են՝ ուժային բոլոր կառույցները Փաշինյանի գրպանում են, և ընտրությունների նախաշեմին բոլորին էլի կփռեն ասֆալտին, կծեփեն պատերին:
-Այսօր դատարանները, որ ամենակարևոր ինստիտուտն են նմանատիպ խնդիրները լուծելու համար, ամբողջությամբ գտնվում են, ի դեմս Վազգեն Մանուկյանի, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմի և այդ առանցքի շուրջ համախմբված ուժերի, որոնց մի մասին ես կասեի հանցագործ, էլեմենտների, երկիրը թալանած, գողացած էլեմենտների ազդեցության տակ:
-Բայց Փաշինյանի գրպանում գտնվող իրավապահները ոչ մի փաստ չեն ներկայացրել, որոնք կապացուցեն Ձեր ասածը, թե այս կամ այն դատավորը սրա-նրա ազդեցության տակ է գործում:
-Իհարկե, չի բացառվում, որ ես սխալվում եմ, և Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքի շուրջ հավաքվածները մաքրության, անմեղության խորհրդանիշներ են:
-Թեման մի փոխեք, Դուք խոսում էիք դատավորների մասին, ես էլ ասում եմ՝ ցույց տվեք մի դատավորի, որը գործում է քաղաքական պատվերներով, և ԱԱԾ-ն օպերատիվ տվյալներ է ձեռք բերել այդ մասին:
-Ղալաթ արեցի, չէ, ես նման բան չեմ ասել, երևի սխալվեցի դատավորների հարցում: Եթե Դուք այսքան բան տեսնում եք ու չեք ընդունում, դա արդեն Ձեր գործն է:
-Ես շատ բան եմ տեսնում, բայց եկեք խոսենք փաստերով, ուզում եմ Ձեզ հավատալ, ներկայացրեք փաստարկներ, որ հավատամ:
-Ես քաղաքական գործիչ եմ, երբ միտք եմ արտահայտում, պարտավոր չեմ նաև փաստարկներ ներկայացնել, այլ հարց է, թե իմ միտքն ինչքանով ընդունելի կլինի հանրության համար:
-Փաստորեն, նոր ժամանակների քաղաքական գործիչներն ինչ ուզենան, կարող են հայտարարել, կարևոր չէ, թե դա իրականության հետ որքան աղերս ունի:
-Բնական է, որ պետք է նաև պատասխան տամ արտահայտածիս համար, բայց երբ ես հայտարարում եմ, որ դատարանները գտնվում են հետևյալ գործիչների ազդեցության տակ, դա չի նշանակում, որ ես պետք է ապացուցեմ: Եթե ամեն ինչը լիներ ապացուցելի, ասենք՝ 3-4 տարի առաջ կարողանայինք ապացուցեինք, որ ընտրակաշառք է բաժանվել, որ դատավորները գտնվում են իշխանության ազդեցության տակ, եթե այդքան բանը կարողանայինք ապացուցել, ապա հեղափոխության անհրաժեշտություն էլ չէր լինի: Հիմա այսօր եթե մեր ընդդիմադիրները գտնում են, որ ակնհայտ իրողություններն իրենք չեն կարողանում ապացուցել իշխանություններին, ապա իրենք իրավունք ունեն հեղափոխություն անել, հասնել իշխանափոխության իրենց նպատակին:
-Իսկ կարծում եք՝ ապացույցնե՞ր են պետք, որ Արցախը հանձնել եք, ապաշնորհ կառավարման արդյունքում առնվազն 5 հազար զոհ ենք տվել:
-Դրա համար, այո, ապացուցելու կարիք չկա, բայց եթե դու դրա համար ես իշխանափոխություն պահանջում, դա արդեն այլ խնդիր է:
-Այսինքն՝ դա բավարար հիմք չէ՞, որ իշխանությունը հրաժարական տա:
-Ես կարծում եմ, որ բավարար չէ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: