Թեհրանի և Սպահանի թեմակալ առաջնորդները, երկու թեմերի ազգային իշխանությունները կտրուկ մերժել են Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպելու առաջարկը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հունվարի 22-26-ը գործուղել էր Իրան, որի շրջանակում Քերոբյանը, մասնավորապես, հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի, արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների, կենտրոնական բանկի նախագահի հետ և այլն: Իրանական գլխավոր լրատվական գործակալությունները, սակայն, ՀՀ նախարարի այցը և դրան առնչվող տեղեկությունները համարել են երկրորդական, երրորդական կարգի լուրեր:
Ավելին՝ եթե ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ ԻԻՀ իշխանությունների, ղեկավարների հետ հանդիպումները կայացել են նախատեսվածի համաձայն, և լավ կամ վատ ընդունելություն եղել է, ապա տեղի հայ համայնքի և ազգային իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից նա ընդունելության չի արժանացել: Իրանում մեր աղբյուրները փոխանցել են, որ Վահան Քերոբյանի այցի նախօրեին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Թեհրանում ազգային իշխանության հետ, նաև կապ է հաստատել Նոր Ջուղայում ազգային իշխանության հետ, որպեսզի Թեհրանի և Սպահանի թեմակալ առաջնորդները, երկու թեմերի ազգային իշխանությունները, երևելի դեմքերը գոնե սահմանափակ թվով մեկ հանդիպում ունենան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության հետ, ինչը կտրուկ մերժվել է:
Այսինքն՝ Իրանում ՀՀ դեսպանի բոլոր ջանքերը համոզելու, որ գոնե սահմանափակ հանդիպում լինի, մտքերի փոխանակում, եղել է ապարդյուն: Փոխանցվել է, որ ՀՀ-ից ժամանած նախարարը, պատվիրակության անդամները ցանկանում են այցելել Թեհրանում Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, իսկ Նոր Ջուղայում Ս. Ամենափրկիչ վանք, պատասխանը դեսպանին եղել է, որ Քերոբյանը կարող է եկեղեցին և վանքը տեսնել, այցելել, բայց նրա և պատվիրակության հետ պաշտոնական որևէ հանդիպում չի լինի, որովհետև իրենք ազգային իշխանությունները, ՀՀ էկոնոմիկայի նախարարին ընկալում են որպես կապիտուլյանտ, հող հանձնած իշխանությունների ներկայացուցիչ, իսկ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի հետ հանդիպումը բացառվում է: Արդյունքում Քերոբյանը, ըստ էության, Ս. Ամենափրկիչ վանք այցելել է որպես տուրիստ, քանի որ որևէ մեկը նրան չի դիմավորել ազգային իշխանությունից, իսկ Թեհրանում Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի այցն օրակարգից հանվել է:
Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե «Թեհրանի «Արարատ» ակումբում հանդիպել է Իրանի հայ գործարար համայնքի հետ, փորձել է հասկանալ, թե ինչպես կարող ենք ուժեղացնել տնտեսական կապերն ու ճաշել են միասին:
168.am-ի տեղեկություններով՝ Իրանում ՀՀ դեսպանը զանգել է, որպեսզի «Արարատ» կազմակերպությունն իր սրահը տրամադրի, ինչն արվել է, սակայն կազմակերպության կենտրոնական վարչության անդամներից ոչ ոք ներկա չի եղել հանդիպմանը, ընդամենը 30-35 մարդ է մասնակցել հիմնականում գործարարներ, որոնց դեսպանությունն անձամբ է հրավիրել, և որոնք հանդիպմանը մասնակցել են զուտ բիզնես հետաքրքրությունից ելնելով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: